Մատչելիության հղումներ

Մոսկվայում ստորագրվեց Արագ արձագանքման հավաքական ուժերի մասին համաձայնագիրը


Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի
Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի

Կիրակի օրը Մոսկվայում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովում ստորագրվել է Արագ արձագանքման հավաքական ուժերի մասին համաձայնագիրը: Փաստաթուղթը չեն ստորագրել կազմակերպության անդամ երկու պետություն` Բելառուսը եւ Ուզբեկստանը:

Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով մեկօրյա աշխատանքային այցով Մոսկվայում էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որը նույն օրը ուշ երեկոյան վերադարձել է Երեւան:

Դեռ փետրվարին ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարները որոշել էին ստեղծել Արագ արձագանքման հավաքական ուժեր, եւ կիրակի օրը ընդունված փաստաթղթերի փաթեթում մանրամասն ներկայացված է, թե ինչ ուժեր են, ինչ քանակի, եւ ինչ պայմաններում են այդ ուժերը գործելու:

Քաղաքագետներից շատերը համարում են, որ ՀԱՊԿ-ի կազմում նման ուժերի ստեղծումը ուժեղացնում է այս կազմակերպությունը: Իսկ ռուսաստանցի քաղաքագետները ՀԱՊԿ-ը նույնիսկ արդեն համեմատում են ՆԱՏՕ-ի հետ:

Գագաթնաժողովին հաջորդած ասուլիսում Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահությունը այս կազմակերպությունում դրական գնահատեց եւ առանձնացրեց երկու կետ` Արագ արձագանքման ուժերի ստեղծումը եւ ավելի ակտիվ համագործակցություընը արտաքին քաղաքականության ոլորտում:

Երեկվա հավաքի հիմնական ինտրիգը Բելառուսի պատվիրակության բացակայությունն էր: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ոչ միայն չէր ժամանել Մոսկվա, այլեւ հատուկ հայտարարություն է տարածել, որում ասված է, թե հավաքական անվտանգություն չի կարելի կառուցել` առանց հաշվի առնելու անդամ պետության տնտեսական շահերը: Խնդիրն այն է, որ Ռուսաստանը էմբարգո է հայտարարել բելառուսական կաթնամթերքի համար, քանի որ այն չի համապատասխանում Ռուսաստանում ընդունված չափանիշներին:

Բելառուսական կողմը կիրակի օրը հայտարարել է նաեւ, որ ըստ ՀԱՊԿ-ի կանոնադրության, առանց Բելառուսի, առանց ՀԱՊԿ-ի բոլոր անդամների մասնակցության եւ համաձայնության չի կարելի փաստաթղթեր ընդունել, եւ ստորագրված փաստաթղթերը, փաստորեն, ըստ Մինսկի, իրավական ուժ չունեն:

Այդուհանդերձ, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը բարձր է գնահատել ստորագրված փաստաթուղթը:

Հայաստանը կիրակի օրը ՀԱՊԿ-ում նախագահությունը պետք է փոխանցեր Բելառուսին, սակայն քանի որ Բելառուսի նախագահը Մոսկվա չէր ժամանել, նախագահությունը ժամանակավորապես ստանձնել է Ռուսաստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG