Մատչելիության հղումներ

Ռուսական վարկն արդեն փոխանցվել է


Ռուսաստանը հունիսի 12-ին Հայաստանի կենտրոնական բանկի հաշվեհամարին է փոխանցել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետությանը պետական վարկ տրամադրելու մասին» համաձայնագրով նախատեսված 500 միլիոն դոլար վարկի գումարը` ամբողջությամբ:

Ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, վարկային միջոցները, այնուհետեւ, փոխանցվելու են Ֆինանսների նախարարության միասնական գանձապետական հաշվին։

Պետական վարկի միջոցներն օգտագործվելու են Աղետի գոտում իրականացվող վերականգնողական ծրագրի գծով պետբյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորման, «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի միջոցով փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտի վարկավորման եւ Կայունացման հիմնադրամի ձեւավորման նպատակով։

Ընդ որում, Կայունացման հիմնադրամի միջոցները նախատեսվում են` տնտեսության, այդ թվում համակարգաստեղծ ձեռնարկությունների վարկավորման, ազգային հիփոթեքային ընկերությանը աջակցության, պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում` օրենքով կամ կառավարության կողմից սահմանվող այլ ուղղություններով օգտագործելու համար։

Բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգով պետական վարկի միջոցների շրջանառությունը արտացոլվելու է պետական բյուջեում եւ վերջինիս կատարման հաշվետվություններում: Նախատեսվում է նաեւ ապահովել պետական վարկի միջոցների ծախսման առանձնացված հաշվառում։

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետությանը պետական վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը մայիսի 20-ին Մոսկվայում ստորագրել էին Ռուսաստանի եւ Հայաստանի ֆինանսների նախարարները։

Ըստ համաձայնագրի, Հայաստանին տրամադրվում է 500 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ` 15 տարի մարման ժամկետով, որից 4 տարին արտոնյալ` LIBOR + 3% տարեկան տոկոսադրույքով։

Համաձայնագիրը ուժի մեջ է մտել հունիսի 11-ին` ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցման օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG