Մատչելիության հղումներ

Հանրային խորհուրդը ներկայացրել է առաջարկներ «համաներում հայտարարելու սկզբունքների վերաբերյալ»


Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ խորհրդի՝ երկրի նախագահին ներկայացված առաջարկները վերաբերում են «համաներում հայտարարելու սկզբունքներին»:

Հարցին, թե հատուկ նշում կա՞ մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ կալանավորվածների վերաբերյալ, Մանուկյանը պատասխանեց. - «Մարտի 1-2-ի հետ էլ կապված կա»:

«Մենք հոդվածներով չենք գնացել», - հավելեց նա: - «Գնացել ենք էությամբ: Իրավաբանական տեքստ չենք կազմել, դա մեր գործը չէ»:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ պայմաններ է ակնկալում համաներման հրամանագրում, պատասխանեց. - «Առաջինը՝ ընդհանուր չափանիշով հրամանագիրը պետք է ուղղված լինի հասարակական կոնսոլիդացիայի: Երկրորդը՝ եթե 225 հոդվածը [որը մեղսագրվում է հետընտրական իրադարձությունների կապակցությամբ կալանավորվածների մեծամասնությանը] ընդգրկված չլինի, ապա դա իր բուն նպատակին չի ծառայի»:

Վազգեն Մանուկյանը այս կապակցությամբ իր անհամաձայնությունը հնչեցրեց. - «Համաձայն չեմ: Քաղաքական դաշտում բավականին մեծ հնչողություն ունի դա, եւ դրա մասին ես բազմիցս խոսել եմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG