Մատչելիության հղումներ

Իրանում նախընտրական «լռության օր է»


Նախագահական ընտրությունների քարոզարաշավն Իրանում ավարտվել է։ Այսօր Իսլամական Հանրապետությունում «լռության օր է»։ Վաղն արդեն միլիոնավոր իրանցիներ կգնան ընտրատեղամասեր` որոշելու, թե առաջադրված չորս թեկնածուներից որ մեկն է կառավարելու երկիրը առաջիկա 4 տարիներին։ Նախագահական այս ընտրությունները թերեւս ամենասկանդալայինն են Իրանի նորագույն պատմության մեջ։

Սկանդալների կիզակետում, որպես կանոն, գործող նախագահ Մահուդ Ահմադինեջադն է։ Ամենաաղմկալի սկանդալը սկիզբ առավ ազատական թեկնածու Միր-Հոսյեն Մուսավիի եւ գործող նախագահի հեռուստաբանավեճի ընթացքում։

Դիմելով իր մրցակցին` Ահմադինեջադը հայտարարեց. - «Ինչով են զբաղված Ձեր աջակիցները, օրինակ` նախկին նախագահ Ռաֆսանջանին ու նրա որդիները։ Նրանք միլիարդատերեր են։ Ես հստակ փաստեր ունեմ, թե ինչպես են 40, 50, 500 հեկտարանոց հողակտորներն առգրավվել հօգուտ այդ մարդկանց։ Անօրինականությունները բնորոշ են ձեր աջակիցներից շատերի զավակներին»։

Սրան ի պատասխան, նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին, ով այսօր էլ իրանական վերնախավի ամենաազդեցիկ դեմքերից մեկն է համարվում, բաց նամակով դիմեց Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեյին` պահանջելով հստակ գնահատական տալ Ահմադինեջադի պահվածքին։

Խամենեյին, սակայն, առայժմ չի արձագանքում։ Փոխարենը` իրանցի ընտրողները, ովքեր, ըստ վերջին սոցհարցումների ադյունքների, կիսվել են երկու գրեթե հավասար բանակի, ակտիվորեն քննարկում են նախընտրական արշավի ընթացքը։

Ահմադինեջադի կողմնակցիներն, օրինակ, հիացած են նրա վարած արտաքին քաղաքականությամբ:

«Ահմադինեջադի շնորհիվ մենք հայտնվել ենք աշխարհի ուշադրության կենտրոնում։ Նախկինում մեզ որեւէ մեկը չէր ճանաչում։ Իսկ այսօր Օբամայի նման դիրք զբաղեցնող մարդը հարգում է մեզ։ Դա տեղի է ունեցել նախեւառաջ նախագահ Ահմադինեջադի շնորհիվ», - համոզված է նրա կին աջակիցներից մեկը` Զահրա Էլյազը։

Ազատական թեկնածու Միր-Հոսեյն Մուսավիի կողմնակիցները Ահմադինեջադին մեղադրում են երկրում առկա ծանր տնտեսական կացության համար։ Նրանք պնդում է, որ վերջին տարիներին Իրանի նախագահը, էժանագին հեղինակություն վաստակելու նպատակով ծախսել է պետական միջոցները` դրանք բաժանելով չքավոր խավերին։

«Ես քվեարկելու եմ Միր-Հոսյեն Մուսավիի օգտին։ Նա պրագմատիկ գործիչ է։ Ես հույս ունեմ, որ նա կբարելավի մեր վիճակը արտաքին քաղաքականության ասպարեզում, եւ որ ամենակարեւորն է` կլուծի ներքին խնդիրները», - ասում է Թեհրանի բնակչուհի Թարա Աղդաշլուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG