Մատչելիության հղումներ

Բարոզոն պատրաստ է երկրորդ անգամ ղեկավարել Եվրահանձնաժողովը


Բարոզոն լրագրողների հետ հանդիպմանը Խաբարովսկում, Եվրամիություն - Ռուսաստան գագաթնաժողովի օրերին, 22-ը մայիսի, 2009 թ.
Բարոզոն լրագրողների հետ հանդիպմանը Խաբարովսկում, Եվրամիություն - Ռուսաստան գագաթնաժողովի օրերին, 22-ը մայիսի, 2009 թ.

Եվրոպական միության գործադիր մարմնի՝ Եվրոպական հանձնաժողովի 11-րդ նախագահ, պորտուգալացի քաղաքական գործիչ Ժոզե Մանուել Բարոզոն (Jose Manuel Barroso) ընդունել է այդ պաշտոնում երկրորդ անգամ առաջադրվելու մասին Եվրոպական միության նախագահության առաջարկը։

«Ես տալիս եմ իմ համաձայնությունը», - լրագրողներին ասել է Բարոզոն Եվրամիության նախագահող երկրի՝ Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերի հետ Բրյուսելում բանակցելուց հետո։

Բարոզոյի նախագահության առաջին հնգամյա ժամկետը սպառվում է այս տարվա հոկտեմբերի վերջին։ Վերջին ամիսներին նա մի քանի առիթներով ասել է, որ պատրաստ է երկրորդ անգամ առաջադրվել՝ պայմանով, որ Եվրամիության երկրներն ու խորհրդարանն ընդունեն Եվրոպայի ապագայի վերաբերյալ իր ծրագիրը։

«Համաձայնությունս ենթադրում է, որ Եվրոպական խորհուրդը եւ Եվրոպական խորհրդարանը հավանություն կտան իմ ներկայացնելիք՝ Եվրոպայի զարգացման հնգամյա հավակնոտ ծրագրին», - ասել է Բարոզոն եւ հավելել. - «Ես համոզված եմ, որ տնտեսական ճգնաժամի շրջանում մեզ անհրաժեշտ են հզոր նախագահություն, հզոր Եվրամիություն, հավակնոտ ծրագրեր»։

Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերն ասել է, որ կմեկնի Բեռլին՝ Բարոզոյի թեկնածությանն աջակցելու հարցը կանցլեր Անգելա Մերկելի հետ համաձայնեցնելու համար, ապա՝ հեռախոսով կամ անձնական հանդիպումներում այն կքննարկի 27 անդամ-երկրների ղեկավարների հետ։

Մասնագիտությամբ իրավաբան, քաղաքագիտության պրոֆեսոր, 53-ամյա Ժոզե Բարոզոն ավարտել է Լիսաբոնի համալսարանի իրավաբանության բաժինը, ապա ուսանել է Ժնեւի Եվրոպական համալսարանում, իսկ դոկտորական թեզը պաշտպանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Ջորջթաունի համալսարանում։

Երիտասարդության տարինետին միացել է մաոիստական ընդհատակյա խմբավորմանը։ 1980 թվականին անդամակցել է Դեմոկրատական ժողովրդական կուսակցությանը, որը հետագայում վերանվանվել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն։ 1999 թվականին նա դարձել է այդ կուսակցության առաջնորդ։ Առ այսօր Բարոզոն այդ կուսակցության անդամ է։

Բարոզոն կաթոլիկ է, ամուսնացած է, ունի երեք որդի, ավագը՝ Լուիս դե Սոուզա Բարոզոն ներկայումս ուսանում է Լոնդոնի տնտեսագիտության համալսարանում։

Ժոզե Մանուել Բարոզուն ունի նաեւ Բրազիլիայի քաղաքացիություն, քանի որ նրա հայրը Բրազիլիայից է, ինչն այդ երկրի օրենքների համաձայն, զավակներին ի ծնե քաղաքացիություն է ապահովում։

Պորտուգալերենից զատ Բարոզոն վարժ խոսում է ֆրանսերեն, անգլերեն, հասկանում է գերմաներեն։

Մանուել Բարոզոն 2002-2004 պվականներին զբաղեցրել է Պորտուգալիայի վարչապետի պաշտոնը։ 2004 թվականից նա գլխավորել է Եվրոպական հանձնաժողովը։

Հունիսի 18-19-ին Բրուսելում գումարվելու է Եվրամիության գագաթնաժողովը, որը նախագահելու է Չեխիայի վարչապետ Ֆիշերը։ Գագաթնաժողովը կանդրադառնա Եվրահանձնաժողովի նախագահի ընտրությանը։

Թեկնածուն ընտրվում է Եվրոպայի խորհրդի կողմից քվեարկությամբ՝ որակյալ մեծամասնության սկզբունքով։ Եվրոպայի խորհրդում ներկայացված են Եվրամիության անդամ երկրների բարձրագույն ղեկավարները։ Այդ ատյանը չունի օրենսդիր կամ գործադիր լիազորություններ, նիստեր է գումարում տարեկան առնվազն երկու անգամ եւ հստակեցնում է Եվրամիության ընդհանուր քաղաքական առաջնահերթությունները։

Եվրոպայի խորհրդի կողմից հաստատված Եվրահանձնաժողովի նախագահի թեկնածուին այդ պաշտոնում քվեարկությամբ հաստատում է Եվրոպական խորհրդարանը։ Այդ ատյանն ունի Եվրահանձնաժողովի ամբողջ կազմը՝ ներառյալ նախագահին, պաշտոնանկ անելու իրավասություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG