Մատչելիության հղումներ

Հունիսի վերջին Վրաստանի նախագահը կժամանի Երեւան


Վրաստան -- Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարների համատեղ ասուլիսը, Թբիլիսի, 8-ը հունիսի, 2009 թ.
Վրաստան -- Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարների համատեղ ասուլիսը, Թբիլիսի, 8-ը հունիսի, 2009 թ.
Երեկ ավարտվել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի Վրաստան կատարած այցը: Նախարարը հանդիպել է իր վրաց պաշտոնակից Գրիգոլ Վաշաձեի հետ:

Նախարար Նալբանդյանի եւ Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավայի մասնակցությամբ Վրաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Սայաթ-Նովայի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը:

Ուղեւորության հիմնական նպատակն էր` նախապատրաստել նախագահ Միխեիլ Սաhակաշվիլիի այցը Երեւան, որը նախատեսված է հունիսի 25-ից 26-ը: Էդվարդ Նալբանդյանը Թբիլիսիում արծարծել է Վրաստանի տարածքով Հայաստան բեռնափոխադրումների բարձր սակագների թեման:

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության տնօրեն Դավիթ Կակաբաձեի փոխանցմամբ, սակագների խնդրի կարգավորումն անպայման կլինի Սաhակաշվիլիի այցի օրակարգում:

«Վերջին շրջանում Սաhակաշվիլիի արած մի քանի հայտարարություններ բավական վիրավորական էին Հայաստանի համար, ինչն, իմ համոզմամբ, միանգամայն արդարացի էր: Նա հայտարարել էր, թե տեսեք, Հայաստանն ինչ ծանր տնտեսական վիճակում է, իսկ Վրաստանը ծաղկում է», - ասել է Կակաբաձեն եւ հավելել. - «Առնվազն անպատասխանատվություն է այդպիսի հայտարարություններ անել հարեւան երկրի հասցեին, որի հետ ունես բարեկամական հարաբերություններ եւ պարտավոր ես ամեն ինչ անել դրանք պահպանելու համար»:

Կակաբաձեի կարծիքով, այցելելով Երեւան, Սաhակաշվիլին կփորձի ուղղել իր իսկ կողմից թույլ տրված այդ դիվանագիտական վրիպակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG