Մատչելիության հղումներ

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան


Հունիսի 8-ին Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երկու դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան (ՍԴ)։

Դիմումներից առաջինը վերաբերում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող Քրեական օրենսգրքի 343 հոդվածի 1-ին մասի անորոշությանը, ինչը, Օմբուդսմենի մամուլի հաղորդագրությունում նշված մեկնաբանությամբ, «պայմաններ է ստեղծել դրա կամայական մեկնաբանման եւ կիրառման համար»: Ըստ այդմ, Արմեն Հարությունյանը Սահմանադրական դատարանին խնդրել է որոշել հիշյալ հոդվածի համապատասխանությունը Հայաստանի Սահմանադրության մի շարք դրույթներին:

ՍԴ դիմելու համար հիմք է հանդիսացել նաեւ այն հանգամանքը, որ վիճարկվող նորմի կիրառմամբ մի շարք փաստաբանների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել` նրանց կողմից դատական նիստերի դահլիճը լքելու կապակցությամբ։ Մասնավորապես, մարտի վերջին այդպիսի սանկցիա էր կիրառվել «7-ի գործով» մեղադրվողների 5 պաշտպանների նկատմամբ: Միաժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը միջնորդել է, մինչեւ Սահմանադրական դատարանի կողմից համապատասխան որոշման կայացումը, կասեցնել վիճարկվող նորմի գործողությունը։

Արմեն Հարությունյանի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված երկրորդ դիմումը վերաբերում է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի 75 հոդվածի՝ Սահմանադրության 18 եւ 19 հոդվածներին համապատասխանության հարցին։ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի 75 հոդվածը նոր խմբագրությամբ է շարադրում Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228 հոդվածի 2-րդ մասը, որը սահմանում այն հիմքերը, որոնց առկայության պայմաններում վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման։

Այս առումով Արմեն Հարությունյանի հաղոդագրությունում ասված է. - «Պաշտպանը գտնում է, որ վճիռների բեկանման ինստիտուտը վերոնշյալ օրենքով փոփոխություններ կատարելուց հետո բավարար կերպով չի երաշխավորում դատական պաշտպանության իրավունքը, քանի որ գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ կայացված վճիռը բեկանման ենթակա լինելու հիմք չնախատեսելու, հետեւաբար, նաեւ՝ արդարադատության արդյունավետության, բավարար մատչելիության իրավական երաշխիքներ չապահովելու առումով չի համապատասխանում Հայաստանի Սահմանադրությանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG