Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն ամփոփեց Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) շաբաթ երեկոյան ամփոփել է մայիսի 31-ին անցկացված Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները:

ԿԸՀ-ի կայքէջում հրապարակած վերջնական տվյալներով, Երեւանի ավագանիների խորհրդում տեղ ստանալու համար նախատեսված նվազագույն 7 տոկոսի շեմը հաղթահարել են Հանրապետական կուսակցությունը` 186 հազար 630 ձայնով (47.43%) եւ Բարգավաճ Հայաստանը 86 հազար 137 ձայնով (22.65%): Հայ ազգային կոնգրեսը նախընտրական դաշինքը` 69 հազար140 քվեով (17.57%) հաղթահարել է դաշինքների համար նախատեսված 9 տոկոսի շեմը:

Ընտրությունների հաջորդ օրը, նախնական արդյունքների հրապարակումից հետո, Հայ ազգային կոնգրեսը, որը ընտրություններում գրավելով երրորդ տեղը կարող էր ստանալ Երեւանի ավագանու 65 տեղերից 13-ը, հայտարարեց, որ ընդդիմությունը վիճարկելու է ընտրությունների օրինականությունը եւ հրաժարվեց ստացած մանդատներից:

Շաբաթ օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում մերժվեց Երեւանի ավագանու ընտրությունները անվավեր ճանաչելու մասին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կողմից ներկայացված դիմումը:

Ըստ այդմ, Երեւանի ավագանիների խորհուրդը կհամալրեն Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` 35 մանդատով եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 17 մանդատով:

Համաձայն «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, եթե ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ:

Այսպիսով, Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Երեւանի գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, փաստորեն, համարվում է ընտրված քաղաքապետ:
XS
SM
MD
LG