Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ողջունել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի ջանքերը:

«Մենք մեծապես աջակցում ենք Թուրքիայի ջանքերին` նորմալացնելու հարաբերությունները Հայաստանի հետ։ Մենք նաեւ աջակցում ենք Lեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու ջանքերին», – ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Վաշինգտոնում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու հետ հանդիպումից հետո կայացած մամուլի համատեղ ասուլիսում։

Թուրքիայի արտգործնախարարը անցած ամբողջ շաբաթվա ընթացքում ԱՄՆ–ում էր։ Նա մի շարք հանդիպումներ ունեցավ Օբամայի վարչակազմի պաշտոնյաների հետ եւ այցելության ավարտին, ուրբաթ օրը, հանդիպեց պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:

Մամուլի համատեղ ասուլիսում, CNN–ից հետո երկրորդ հարցը տվել է Թուրքական հեռուստաընկերության լրագրողը։ Նա հարցրել է, թե պետքարտուղարը արդյո՞ք առաջընթաց է տեսնում հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ու Lեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու գործընթացներում եւ արդյո՞ք հույս ունի, որ դրանք կարող են լուծվել ոչ հեռու ապագայում։

Հիլարի Քլինթոնն ասել է, թե ինքը հուսավառ է Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունները նորմալացնելու գործընթացում արձանագրված առաջընթացից։

«Թուրքիան եւ Հայաստանը Շվեյցարիայի միջնորդությամբ հանձնառություն են վերցրել նորմալացնելու հարաբերությունները։ Մենք գիտակցում ենք, որ դա դժվար է։ Պահանջում է համբերություն եւ համառություն։ Բայց մենք տեսնում ենք պատրաստակամություն։ Նախարարը եւ ես դա լայնորեն քննարկել ենք։ Նա ինձ ներկայացրեց վերջին նորությունները։ Մենք կշարունակենք աջակցել կողմերին իրենց ընտրած ճանապարհով առաջ շարժվելու համար»,– ասել է Հիլարի Քլինթոնը:

Կրկնելով, թե աջակցում են, որ Թուրքիայի ու Հայաստանի կառավարություններն ու ժողովուրդը իրականացնի այդ մեծ հնարավարությունը, Քլինթոնն ասել է, թե տեսնում է, որ Թուրքիայի կառավարության կողմից հարաբերությունները նորմալացնելու գործընթացը շարունակվում է. իրականում կա ցանկություն լուծելու խնդիրը, ինչը մեծ օգուտներ կտա տարածաշրջանին։

«Նույնը կարող եմ ասել եւ Lեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները համատեղ աշխատում են։ Վերջին անգամ երկրների նախագահները հանդիպեցին Սանկտ–Պետերբուրգում։ Կարծում ենք, որ շատ առաջընթաց արձանագրվեց համեմատաբար կարճ ժամանակահատվածում` լուծելու համար Lեռնային Ղարաբաղի խնդիրը, որը երկար ժամանակ չի կարգավորվում։

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի կառավարությանը եւ անձամբ պետքարտուղարին` երկու գործընթացներին աջակցելու համար։

«Մենք ցանկանում ենք բարգավաճ ու խաղաղ Կովկաս», – ասել է Դավութօղլուն, – «Այդ առումով մենք ամբողջովին հանձնառու ենք Հայաստանի հետ նորմալացնելու հարաբերությունները։ Նմանապես, մենք ամբողջվին հանձնառու ենք ու պատրաստ ենք աշխատել Միացյալ Նահանգների հետ, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ լուծելու համար հայ-ադրբեջանական խնդիրները»:

Ահմեդ Դավութօղլուն իր խոսքի վերջում եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել պետքարտուղարին նրա աջակցության համար` ասելով, թե կշարունակեն աշխատել միասին։ Նա հավաստիացրել է, որ թուրքական կողմը քաղաքական ամուր կամք ունի շարունակելու բոլոր ջանքերը` «հասնելու համար ընդհանուր նպատակներին, միասին ստեղծելու բարգավաճ ու խաղաղ Կովկաս»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG