Մատչելիության հղումներ

Այսօր Շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարհային օրն է


Այսօր ՄԱԿ-ը նշում է Շրջակա միջավայրի պաշտպանության համաշխարահային օրը։ Թեպետ բնապահպանների համար օրը տոնական է, բայց լավ առիթ է նաեւ ուշադրություն հրավիրել բնապահպանական խնդիրներին։

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ նկարահանվել է ֆիլմ որսագողության մասին, որը էկրան կբարձրանա այսօր։ Մասնաճյուղի հասարակայնության եւ մարքետինգի բաժնի ղեկավար Արթուր Խոյեցյանը պնդում է, որ բնապահպանական իրազեկությունը հասարակությունում հավասար է զրոյի. - «Ֆիլմում ցնցող կադրեր կան: Ուզում ենք ասել, որ սա բոլորիս մեղքն է»։

«Հայանտառ» ընկերության եւ «Հայաստանի ծառատունկ» ծրագրի հիմնադրամի միջեւ այսօր կստորագրվի պայմանագիր` Լոռու մարզում շուրջ 500 հեկտար անտառ տնկելու մասին։

Իսկ ֆիլմի ցուցադրությունից առաջ կբացվի երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես։ Շիկահողի եւ հարավային համայքների գյուղական դպրոցներում անցկացվել է մրցույթ «Հովազը երեխաների աչքերով» թեմայով։ Թե ինչքան են արժեվորում գյուղում ապրող երեխաները բնությունը, կգնահատվի այսօրվա մրցանակաբաշխության ընթացքում։ Անվանակարգերն էլ հենց հովազի հետ են կապված` լավագույն աշխատանքի հեղինակը կարժանանա «Հովազի ոսկեկիր ընկեր» կոչմանը։

«Բնությունը մղկտում է, իսկ կառավարությունը շարունակում է լուռ մասնակցել բնության սպանդին». այս կարգախոսով այսօր երեկոյան փողոց են դուրս գալու երիտասարդ բնապահպանները։ Թեղուտի պաշտպանության խմբի հայտնի անդամները՝ Հրայրը եւ Մարիամը պատմեցին, որ երթը արտասովոր «մասնակիցներ» է ուենանալու` հայկական բնաշխարհի կենդանիներին ու բույսերը, որոնց կմիանա նաեւ գլոբալ տաքացման հետեւանքով Սիբիրից փախած, ինչպես երիտասարդ բնապահպաններն են բնորոշում, «կրքոտ որմզդեղնը»։

«Մինչ Շրջակա միջավայրի պաշտպանության օրը բնահպանության նախարարությունը լուրջ ասուլիս կհրավիրի, մենք մեր պահանջները փողոցում կբարձրաձայնենք»,- ասում են բնապահպանները։

Երթի մասնակիցները Կոմիտասի արձանի մոտից կշարժվեն կենտրոնական փողոցներով։
XS
SM
MD
LG