Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Օբամայի այցը Գերմանիա


Ավարտելով Եգիպտոս կատարած այցը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման մեկնել է Գերմանիա, ընդ որում, ոչ թե մայրաքաղաք Բեռլին, այլ նախկին կոմունիստական հատվածում գտնվող Դրեզդեն, որը Երկրորդ աշխարհամարտի ավարտական փուլում դաշնակից ամերիկացիների եւ բրիտանացիների օդուժի իրականացրած ռմբակոծությունների արդյունքում գրեթե ամբողջությամբ ավերվել էր:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Ուլրիխ Վիլհելմն ասել է, որ գերմանացիները ողջունում են Դրեզդեն այցելելու` Օբամայի որոշումը:

«Դրեզդենը՝ պատերազմից իսպառ ավերված քաղաքի խորհրդանիշ է, բայց հանդիսանում է նաեւ այդ քաղաքի վերականգնման աշխատանքներն իրականացրած տարբեր ազգերի մարդկանց համերաշխության, նրանց կամքի խորհրդանիշ»,- ասել է Վիլհելմը:

Անցյալ տարի հունիսին, այն ժամանակ նախագահության թեկնածու, սենատոր Օբաման չկարողացավ ելույթ ունենալ Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասի մոտ, քանի որ կանցլեր Մերկելը նկատել էր տվել, որ այդ պատվին արժանանում են միայն Ամերիկայի գործող նախագահները:

Քաղաքագետներից ոմանք նույնիսկ ենթադրել են, թե այդ միջադեպը բացասաբար կազդի Մերկելի եւ Օբամայի հարաբերությունների վրա, սակայն Մերկելի խոսնակ Ուլրիխ Վիլհելմը «Ասոշեյթեդ պրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ նման բան չկա եւ որ երկու երկրները շատ սերտ են համագործակցում:

Նախատեսվում է, որ այսօր Օբաման կանցլեր Մերկելի եւ Հոլոքոստը վերապրած անվանի հասարակական գործիչ, գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Վիզելի ուղեկցությամբ կարճատեւ այցով Դրեզդենից կմեկնի Բուխենվալդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի համակենտրոնացման ճամբարում զոհվածների հիշատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG