Մատչելիության հղումներ

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն «դինամիկ զարգացում է ապրել»


Արդեն մեկ տարի է, ինչ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը, համապատասխան կոնցեսիոն պայմանագրի շրջանակում, տնօրինում է հայկական երկաթուղին, եւ այդ ընթացքում, չնայած ճգնաժամային իրադրությանը, ընկերության գործունեությունը դինամիկ զարգացում է ապրել` արձանագրելով մի շարք հաջողություններ։

Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայգուլինը։

Շայգուլինը շեշտում է, որ շատ կարեւոր է, հակաճգնաժամային միջոցների կիրառմամբ, ապահովել աշխատանքների ու ծառայությունների որակը։ Դրան հասնելու ուղիներից մեկը, ըստ նրա, «սակագնային ճիշտ քաղաքականությունն է եւ գրագետ մենեջմենթը»։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` ինչպե՞ս եք սակագնային ճիշտ քաղաքականություն իրականացնում այն բանից հետո, երբ ամիսներ առաջ Հայաստանի տնտեսական մրցակցության հանձնաժողովը մերժեց նոր սակագների սահմանման վերաբերյալ` ընկերության ներկայացրած հայտը, Շայգուլինը պատասխանեց. - «Ես բոլորիդ խոստացել եմ, որ այս տարի երկաթուղու սակագները մենք չենք բարձրացնելու, թեեւ բոլորդ էլ գիտեք, որ ավելացել են էլեկտրաէներգիայի, հետեւաբար եւ` ջեռուցման, ջրամատակարարման եւ կոյուղու սպասարկման սակագները»։

Ի հետեւանք, ըստ Շայգուլինի, ընկերության ամսեկան ծախսերն աճել են 500 միլիոն դրամով. - «Բայց մենք պահում ենք նախկին սակագները՝ ի հաշիվ տեխնոլոգիաների եւ ծախսերի ճիշտ կառավարման»։

Շայգուլինը նաեւ հայտարարեց, որ առաջիկայում, տրանսպորտի նախարարության հաստատմամբ, սահմանվելու է սակագնային նոր դասակարգիչ, որում «բաց եւ պարզ տեսքով նշված կլինեն բոլոր ծառայությունների հիմնավոր սակագները»։

«Սա, նախեւառաջ, տրանսպորտի ոլորտի աշխատողների հաղթանակն է», - ասաց Շեւքեթ Շայգուլինը՝ ընդգծելով, որ դա սակագների բարձրացում չի ենթադրում. - «Մենք ավելի շատ ձգտում ենք շահույթներ ստանալ ոչ թե սակագների, այլ փոխադրումների ծավալների մեծացման եւ արդյունավետ կառավարման հաշվին»:

Այս համատեքստում նա բերեց մի օրինակ. Հայաստանում գործում են ցեմենտ արտադրող եւ լրիվ հավասար պայմաններում գործող երկու ընկերություն` «Արարատ»-ը եւ «Միկա»-ն։

«Արարատ»-ն այսօր կարողանում է գտնել իրացման շուկաներ, ինչին համապատասխան էլ մենք հարմարեցնում ենք մեր աշխատանքային ռեսուրսներն ու շարժակազմերը, իսկ «Միկա»-ն այս տեսակետից լրիվ ձախողված է։ Պատճառը ստրատեգիական վատ մարքետինգի եւ պլանավորման մեջ է: Այսինքն, եթե մենք հիմա «Միկա»-ի համար անգամ զրոյական սակագներ հաստատենք, դրանից ոչինչ չի փոխվի եւ ցեմենտի արտահանման արդյունք չի լինի», - պարզաբանեց նա։

Պատասխանելով հարցին, թե որքանով են կատարում իրենց ներդրումային պարտավորությունները, Շայգուլինը հրապարակեց այս տարվա առաջին եռամսյակի հետեւյալ ցուցանիշները. պլանավորված թիվը եղել է` 366 միլիոն ռուբլու չափով, իրացվել է ճիշտ այդքան` 366 միլիոն։ Այսինքն, պարտավորությունն այս եռամսյակում կատարվել է 100 տոկոսով»։

Ընդհանուր պարտավորութան համեմատ, դա կազմում է 25 տոկոս, բայց հիմնական ցուցանիշները, ըստ տնօրենի, պարզ կդառնան առաջիկա օգոստոսից մինչեւ նոյեմբերը։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտ ամսին «Հարավկովկասյան երկաթուղու» ներդրումային պարտավորությունների ոչ բավարար մակարդակի մասին բարձրաձայնել էր Հայաստանի տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը՝ ասելով, որ 2008 թվականին նախատեսված ներդրումները կատարվել են ընդամենը 30 տոկոսով։

Կոնկրետ թվերի Շայգուլինը չանդրադարձավ։ Փոխարենը նա վկայաբերեց իրենց հաջող գործունեությունը փաստող մի քանի ցուցանիշներ: Այսպես, Հայաստանի ՀՆԱ-ի 9,7 տոկոսի անկման պայմաններում, ինչը, իր հերթին, բեռների արտահանման 46 եւ ներմուծման 15 տոկոսի անկման պատճառ է հանդիսացել, վերջին չորս ամիսների ընթացքում ընկերության իրականացրած ապրանքաշրջանառությունը, նախորդ տարվա համեմատ, կազմում է մոտ 95 տոկոս։ Ըստ տնօրենի, դա վատ ցուցանիշ չէ։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ նորություններ կան Իրան - Հայաստան երկաթուղու կառուցման մասին, Շայգուլինը պատասխանեց. - «Այդ հարցի հասցեատերը թեեւ ես չեմ, բայց ասեմ. դա հասկանալի եւ անհրաժեշտ նախագիծ է, եւ այն այսօր արդեն ուսումնասիրվում է եւ մշակվում է «Ռուսաստանի երկաթուղի» բաժնետիրական ընկերության կողմից։ Վերջինիս եւ Հայաստանի տրանսպորտի նախարարությունը արդեն կոնկրետ համատեղ աշխատանք են իրականացնում նախագծի վերջնականացման ուղղությամբ»։

«Մենք պատրաստ ենք եւ շահագրգիռ ենք մասնակցել այդ նախագծում», - հավելեց Շայգուլինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG