Մատչելիության հղումներ

IOM. «Յոթ միլիոնից ավելի հայեր ապրում են Հայաստանից դուրս»


Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հրապարակել է 2008 թվականի տարեկան զեկույցը։ Զեկույցում, առանձին բաժիններով ընդգրկված են 10 երկիր, այդ թվում՝ Հայաստանը։

Յոթ միլիոնից ավելի հայեր ապրում են Հայաստանից դուրս, նշվում է զեկույցում՝ հղում կատարելով 2003 թվականի տվյալներին։ Ընդ որում, 1988-ի համեմատ այս թիվը ավելացել է 700 հազարով։

Զեկույցում նշվում է, որ տարբեր գնահատականներով մոտ 800 հազար մարդ, կամ Հայաստանի բնակչության մեկ քառորդից ավելին, 1990-ական թվականներին լքել է երկիրը։ Այս միտումը շարունակվում էր վերջին տարիներին։ Հայաստանից վերջին երկու տասնամյակի միգրացիան բնորոշվում է հիմնականում որպես աշխատանքային միգրաիցա։

Վերջին տասնամյակում Հայաստանից հեռացած միգրանտների մոտավորպես երեք քառորդը տեղավորվել է նախկին խորհրդային հանրապետություններ` հիմնականում Ռուսաստան։ 15 տոկոսը տեղափոխվել է եվրոպական երկրներ, տաս տոկոսը`Միացյալ Նահանգներ։

Նշվում է, որ միգրանտների ավելի քան 60 տոկոսը աշխատանքային տարիքի տղամարդիկ են, 20 տարեկանից մինչեւ 45 տարեկան։ Միգրանտները կրթական միջին մակարդակ ունեն։

Զեկույցը փաստում է, որ անօրինական միգրացիան, ներառյալ մարդկային թրաֆիքինգը, մտահոգություն է առաջացնում: Միգրացիայի միջազգային կազմակերպության համապարփակ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում թրաֆիքինգի խնդիրները թերագնահատվում են։

Ուսումնասիրելով մինչեւ 2006 թվականը դրսից`սփյուռքից, աշխատանքային միգրանտներից դեպի Հայաստան կատարված դրամական փոխանցումերը, զեկույցի հեղինակները նշում են, որ այդ միջազգային տրանսֆերտները վճռական դեր են ունեն Հայաստանի տնտեսությունում։ Դրսի փոխանցումները երկու անգամ ավելին են կազմել, քան երկրի բյուջեն։ Ուսումնասիրությունը նաեւ պարզել է, որ փոխանցումների հիմնական մասը` 90 տոկոսը արվում է դոլարով։

Հայաստանի մասին 50 էջանոց զեկույցում Միգրացիայի միջազգային կազմակերպությունը անդրադառնում է հայկական սփյուռքի ձեւավորմանը, նախկին միության ժամանակաշրջանին, Սպիտակի երկրաշարժից հետո մարդկանց տեղափոխություններին, Ղարաբաղի հակամարտության հետեւանքով փախստականների ալիքին։
Զեկույցում նշվում է, որ միգրացիան եղել ու շարունակում է մնալ Հայաստանի ամենկարեւոր հարցերից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG