Մատչելիության հղումներ

Մեկնարկում են Եվրոպական Խորհրդարանի ընտրությունները


Հունիսի 4-ից Եվրամիության տարածքում մեկնարկում են Եվրոպական Խորհրդարանի ընտրությունները, որոնք կշարունակվեն մինչեւ հունիսի 7-ը։ Այսօր ընտրելու իրավունք են ստանալու հոլանդացի եւ բրիտանացի քվեարկողները։

Եթե Նիդեռլանդներում ընտրությունները հազիվ թե ներքաղաքական կյանքում լուրջ տեղաշարժերի հանգեցնեն, ապա Մեծ Բրիտանիայում դրանք կարող են դառնալ Lեյբորիստական կուսակցության ավելի քան տասնամյա իշխանության վերջի սկիզբը։

Ըստ վերջին սոցհարցումների, ընդդիմադիր պահպանողականները կստանան քվեների 30 տոկոսը, Lիբերալ Դեմոկրատները հավակնում են ձայների 20 տոկոսին, մինչդեռ, ըստ նույն հարցման տվյալների, լեյբորիստները լավագույն դեպքում երրորդ տեղում կլինեն` քվեների 17 տոկոսով։ Չի բացառվում, որ նույնքան քվե ստանա «Անկախության կուսակցությունը», որը հանդես է գալիս Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին։

Վարչապետ Գորդոն Բրաունը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել նույնիսկ այն դեպքում, եթե լեյբորիստները ընտրություններում անհաջողության մատնվեն։ Փոխարենը՝ Բրաունը իր քննադատության թիրախ է դարձրել բրիտանացի ազգայնականներին` ընտրողներին կոչ անելով չքվեարկել ծայրահեղ աջ «Ազգային կուսակցության» օգտին։
«Բրիտանական «Ազգային կուսակցության» գործունեության ամենացավալի դրսեւորումներն են փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը, ռասիզմը եւ հրեատյացությունը», - հայտարարել է Գորդոն Բրաունը։

Նմանատիպ սկանդալներն ու մեղադրանքները բրիտանացի ազգայնականներին ուղեկցում են գրեթե բոլոր ընտրարշավների ժամանակ։ 2006-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ կուսակցությունը, ցանկանալով որոշակիորեն փոխել իր իմիջը, Բրեդֆորդ քաղաքում առաջադրեց մի թեկնածուի, ով հայկական ու պակիստանական ծագում ուներ։ Այլազգի թեկնածուի առաջադրումը, սակայն, քիչ էր մնում կուսակցության պառակտման պատճառ դառնար։ Իր շարքային անդամների դժգոհությունը փարատելու համար Բրիտանիայի ազգային կուսակցության ղեկավարները ստիպված եղան հանդես գալ հայտարարությամբ, որում նշում էին. - «Որեւէ կասկած չկա, որ մեր թեկնածուն սպիտակ, եվրոպական ռասայի ներկայացուցիչ է»։

Եվրոպական ընտրություններում բրիտանացի ազգայնականները հանդես են գալիս նոր սկանդալային հայտարարություններով։ Ազգային կուսակցության ղեկավարները ասել են, թե իշխող լեյբորիստները պատրաստվում են կեղծել այսօրվա քվեարկության արդյունքները։

«Օգտվելով Եվրոպական խորհրդարանի ընտրությունների հանդեպ քվեարկողների անտարբերությունից՝ լեյբորիստները փորձելու են կեղծել ընտրությունները։ Կոչ ենք անում մեր բոլոր կողմնակիցներին ընտրատեղամաս այցելել օրվա առաջին կեսին։ Եթե դուք երեկոյան գնաք տեղամաս, մեծ է հավանականությունը, որ ձեր փոխարեն արդեն քվերակած լինեն», - նշված է Բրիտանիայի ազգային կուսակցության տարածած հայտարարության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG