Մատչելիության հղումներ

Հայաստանում կատարվել է «աննախադեպ ընտրական զեղծարարություն»


ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը
ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը չորեքշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որով երկրի բոլոր դեմոկրատական քաղական ուժերին կոչ է անում «համախմբվել ժողովրդավարության հաստատման համար մղվող պայքարում»:

«Այս ընտրությունները ուղեկցվել են տարատեսակ խախտումներով եւ բռնություններով», - լրագրողներին ներկայացնելով ՀԱԿ-ի հայտարարությունը, ասաց Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: - «Մայիսի 31-ին, ինչպես նաեւ նախընտրական ժամանակաշրջանում Հայաստանում կատարվել է աննախադեպ ընտրական զեղծարարություն, որին մասնակցել են ոչ միայն իշխող կոալիցիայի կուսակցությունները՝ սովորական դարձած մեթոդներով, այլ նաեւ ամբողջատիրական մեթոդներով ծառայեցվել է ողջ պետական համակարգը. պաշտպանության նախարարությունը եւ բանակը ապահովել է զինակոչիկների եւ այլ ժամկետային զինծառայողների ապօրինի քվեարկությունը Երեւանի ավագանու ընտրություններում, ինչը ապացուցված է ե՜ւ մամուլում հրապարակված փաստաթղթերով, ե՜ւ տեղամասերում արձանագրված դեպքերով»:

«Այս հայտարարությունն ուղղված է մեր հասարակությանն ու միջազգային հանրությանը: Մենք դիմում ենք նաեւ բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք իրենց առողջ են համարում եւ գաղափարական հիմքի վրա են ստեղծված՝ միավորվելու եւ պայքարելու այս երեւույթների դեմ», - ասված է հայտարարությունում:

«Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում կիրառված ընտրակեղծիքների տեխնոլոգիաները ապացուցում են, որ Հայաստանում ստեղծվել է դեմոկրատական ֆասադով քրեապետական, ամբողջատիրական, այսինքն՝ տոտալիտար, պետական համակարգ: Երկրի վարչախումբը, համախմբելով պետական իշխանության լծակները եւ քրեական կառույցները, ստեղծել է համատարած ահաբեկման մի ապարատ, որ այսօր թափանցում է ցանկացած ընտանիք եւ ունակ է ահաբեկման նպատակով հասցեագրված աշխատել բոլոր անհատ քաղաքացիների հետ: Հայ ազգային կոնգրեսը բարձրացրել է կործանարար այս համակարգի դեմ պայքարելու դրոշը: Երկրի բոլոր դեմոկրատական քաղաքական ուժերին կոչ ենք անում համախմբվել ժողովրդավարության հաստատման համար մղվող այս պայքարում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG