Մատչելիության հղումներ

Վահան Հովհաննիսյան. «Իշխանությունները ընտրական գործը հաճախ վստահում են լակոտների»


ՀՅԴ ղեկավար անդամ եւ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհանիսյանի գնահատմամբ, առաջին հերթին իշխանություններին, բայց նաեւ հասարակությանը հերթական անգամ չհաջողվեց ապահովել թափանցիկ, արդար եւ ազնիվ ընտրություններ:

«Բանն այն է, որ ընտրական գործը իշխանությունները շատ հաճախ վստահում են լակոտների` պարզապես թաղային լակոտների, որոնք, բացարձակապես չհասկանալով ընտրության իմաստը ժողովրդի, պատմության, ազգի զարգացման, պետության կայունացման համար, դա վերածում են խաղի: Ընդ որում, գրավները զուտ նյութական են: Բացարձակապես գաղափարական, քաղաքական մոտեցում չի դրսեւորվում», - «Ազատություն» ռադիոկայանին երեքշաբթի օրը ասաց Վահան Հովհաննիսյանը:

Կուսակցության Գերագույն մարմինը երկուշաբթի օրը տարածած հայտարարության մեջ մի քանի կոշտ գնահատականներ էր հնչեցրել, մասնավորապես, նշելով. - «Նմանատիպ ընտրությունները հանցավոր անպատասխանատվություն են մեր պետության, ժողովրդի եւ մեր երեխաների հանդեպ եւ Դաշնակցությունը երբեք չի համակերպվելու այս իրավիճակի հետ»:

Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե «չհամակերպվելով իրավիճակի հետ», կուսակցությունը ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել, ասաց. - «Պիտի բոլոր ուղղություններով աշխատենք, որպեսզի ընտրությունները վերադառնան իրենց կոչմանը համապատասխան բովանդակությանը»:

Ռուստամյանի բնորոշմամբ, այսպիսով խախտվում է մարդու ամենակարեւոր իրավունքը մեր երկրում:

«Իշխանության վերարտադրման դեմն առնելը բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում նաեւ Դաշնակցության, թիվ մեկ հարցը պետք է լինի: Իրավունքի բռնաբարման դեմ պետք է փորձենք ստեղծել լուրջ պայքարի մեխանիզմներ` կոնսոլիդացնել քաղաքական դաշտը, քաղաքական ուժերին, այդ ուղղությամբ մշակումներ իրականացնել, թե՛ օրենսդրական փոփոխությունների ձեւով, թե՛ ընդհանրապես ընտրական համակարգը ամբողջությամբ առողջացնելու, որովհետեւ դա միայն ընտրական օրենսգրքով չէ, որ իրականացվում է: Համապատասխան մեխանիզմներ պետք է ստեղծվեն, որ այդ օրենքը չմնա թղթի վրա», - պարզաբանեց Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Ձեր կարծիքը

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG