Մատչելիության հղումներ

Մոսկվայում կեղծ թղթադրամների իրացման կասկածանքով հայաստանցի է ձերբակալվել


Մոսկվայում կեղծ թղթադրամների իրացման կասկածանքով անցած շաբաթավերջին 33-ամյա հայաստանցի է ձերբակալվել:
Ինչպես ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել են Մոսկվայի Զելենոգրադ վարչական շրջանի ներքին գործերի վարչությունից, ձերբակալվածի մոտ 4 կեղծ 1000-ռուբլիանոց թղթադրամ է հայտնաբերվել: Հայաստանցին, ում ինքնությունը չի հրապարակվում, պնդել է, որ այդ թղթադրամների կեղծ լինելու մասին չի իմացել. նա աշխատում է շինարարական շուկայում եւ չի բացառել, որ գնորդներից մեկն է իրեն վճարել կեղծ թղթադրամներով:

Այդուհանդերձ, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել կեղծ թղթադրամներ պատրաստելու կամ իրացնելու հատկանիշներով: Ռուսաստանի քրեական օրենսգրքի տվյալ հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը 15 տարվա ազատազրկումն է:
Նույն աղբյուրի փոխանցմամբ` ավելի վաղ ահազանգ էր ստացվել «նախկին խորհրդային հանրապետություններից ժամանած անձանց» կողմից Զելենոգրադի շուկայում պարբերաբար կեղծ թղթադրամներ իրացնելու մասին: Տեղեկատվության մշակման ընթացքում իրավապահները պարզել են, որ այդ անձինք Հայաստանի քաղաքացիներ են:

«Նրանք ժամանում են Զելենոգրադ, որտեղ շուկայում ձեռք բերելով տարբեր ապրանքներ` վճարել են կեղծ 1000-ռուբլիանոց թղթադրամներով: Նման ճանապարհով նրանք իրացրել են խոշոր գումարներ», - «Նովոստի» գործակալությանը ասել են ներքին գործերի վարչության մամուլի ծառայությունից:

Գործի քննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG