Մատչելիության հղումներ

«Երկխոսությունը շարունակելու փաստն ինքնին կարեւոր է»

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մամլո խոսնակ Նատալյա Տիմակովան հաստատել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Սանկտ Պետերբուրգում քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Նախագահները մասնակցելու են Ռուսաստանի Հյուսիսային մայրաքաղաքում հունիսի 4-ից 6-ը գումարվելիք Միջազգային տնտեսական խորհրդաժողովին:

«Դա կլինի շարունակությունն այն գործընթացի, որի հիմքը դրել է նախագահ Մեդվեդեւը, երբ ստորագրվել է Մոսկովյան (Մայնդորֆյան) հռչակագիրը: Շատ կարեւոր է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները ֆորումին մասնակցելու համար Սանկտ Պետերբուրգ են ժամանում, դա ընձեռում է եւս մեկ անգամ հանդիպելու եւ ընթացիկ վիճակը քննարկելու հնարավորություն», - ասել է Տիմակովան:

2008 թվականի հունիսի 6-ին այդ ֆորումի շրջանակներում տեղի էր ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի անդրանիկ հանդիպումը, որին հաջորդեցին հանդիպումներ նախ անցյալ տարվա նոյեմբերի 2-ն Մոսկվայում, ապա այս տարվա հունվարի 28-ին Ցյուրիխում եւ մայիսի 7-ին՝ Պրահայում:

Սանկտ Պետերբուրգի Միջազգային տնտեսական խորհրդաժողովի մասին նահանգապետ Վալենտինա Մատվիենկոն հպարտությամբ ասել է, թե այն իր հեղինակությամբ արդեն համեմատելի է Դավոսի ամենամյա ֆորումի հետ, «ինչի շնորհիվ Սանկտ Պետերբուրգը դարձել է աշխարհի ամենաճանաչված քաղաքներից մեկը»:

Ֆորումի հյուրերի թվում են մի շարք պետությունների բարձրաստիճան ղեկավարներ, ինչպես նաեւ արդիական բիզնեսի առաջատար պաշտոնյաներ:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն այսօր ասել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը որոշակի ակնկալիքներ ունի Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպումից՝ միաժամանակ բացառելով որեւէ փաստաթուղթ ստորագրելու հնարավորությունը:

«Հուսով ենք, որ Սանկտ Պետերբուրգում Երեւանը կառուցողական դիրքորոշում կցուցաբերի», - ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է Մամեդյարովը եւ հավելել. - «Բաքուն հակամարտության արագ կարգավորման կողմնակից է: Եթե Սանկտ Պետերբուրգում ձեռք բերվեն համաձայնություններ, ապա դրանով կստեղծվեն վերջնական փաստաթղթի վրա աշխատանքը շարունակելու նախադրյալներ», - առաջիկա հանդիպման մասին ասել է Էլմար Մամեդյարովը:

Ենթադրվում է, որ Սանկտ Պետերբուրգում նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը երկկողմ հանդիպումներ կունենան նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

Ղարաբաղյան գործընթացի թեմային է անդրադարձել նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր Երեւանում ընդունելով իր սիրիացի պաշտոնակից Վալիդ Մուալեմին, Նալբանդյանն ասել է, որ վտանգավոր է համարում Ղարաբաղի խնդիրը կրոնական տեսակետից հրամցնելու եւ Մահմեդական համագումարի երկրների կրոնական զգացմունքները շահագործելու Ադրբեջանի փորձերը:
Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG