Մատչելիության հղումներ

«Ազատություն» ռադիոկայանի նախկին կենտրոնը փոխանցվեց Չեխիայի Ազգային թանգարանին


Նախկին Չեխոսլովակիայի դաշնային խորհրդարանի շենքը, որը դատարկ էր «երկաթե վարագույրի» վերացումից հետո, իսկ 1995-ից մինչեւ 2009-ի մայիսը ներառյալ ծառայել է որպես «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի կենտրոն, երեկվանից փոխանցվեց Չեխիայի Ազգային թանգարանին:

2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Չեխիայի անվտանգության ծառայությունները Պրահայի կենտրոնում՝ Վինոհրադսկա 1 հասցեում գտնվող այդ շենքի նկատմամբ հատուկ հսկողություն էին սահմանել. շենքի շուրջ տեղադրել էին բետոնե պատնեշներ, սահմանափակել էին երթեւեկությունը, ինչպես նաեւ հետիոտների (բացառությամբ` ռադիոկայանի աշխատակիցների) տեղաշարժը, զինված ոստիկանությունը օրուգիշեր պարեկություն էր իրականացնում:

2006 թվականի նոյեմբերին Չեխիայի վարչապետ Միրեկ Տոպոլանեկի կառավարությունը որոշել է շենքը փոխանցել դրա անմիջական հարեւանությամբ գտնվող եւ տարածքի խիստ կարիք ունեցող Չեխիայի Ազգային թանգարանին` այն բանից հետո, երբ շինարարները շահագործման կհանձնեն ռադիոկայանի նոր կենտրոնը:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի տարբեր ծառայություններ անցած տարեվերջից սկսել էին տեղափոխվել նոր՝ գերարդիական կենտրոն: Այս տարվա մայիսի 12-ին տեղի ունեցավ կենտրոնի հանդիսավոր բացումը, որին ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ Չեխիայից, եվրոպական երկրներից եւ ԱՄՆ-ից:

Մայիսի 31-ին տեղափոխումն ամբողջությամբ ավարտվեց, իսկ երեկ Պրահայի իշխանությունները Չեխոսլովակիայի դաշնային խորհրդարանի, ապա «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախկին շենքի խորհրդանշական բանալին հանձնեցին Ազգային թանգարանի տնօրեն Միխալ Լուկեշին:

Հատուկ հսկողության ռեժիմը երեկվանից դադարեցվել է, իսկ առաջիկա մեկ ամսվա ընթացքում բետոնե պատնեշները կապամոնտաժվեն:

Օգոստոսի 16-ին շենքը կբացվի Ազգային թանգարանի այցելուների համար: Այս տարվա նոյեմբերի 17-ից գործելու է «By Free!»՝ «Ազա՜տ եղիր» ցուցահանդեսը, որը նվիրված կլինի «թավշյա հեղափոխության» 20-ամյակին:

Ազգային թանգարանի մայր շենքում, որը համարվում է Պրահայի եւ ամբողջ Չեխիայի ամենագեղեցիկ կառույցներից մեկը, 2011-2015 թվականներին նախատեսված է հիմնանորոգում:
XS
SM
MD
LG