Մատչելիության հղումներ

«Օրինաց երկիր»-ի պատգամավորը դրական է գնահատում ընտրության ընթացքը


Իշխող կոալիցիային մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ընդհանուր առմամբ դրական է գնահատում Երեւանի ավագանու ընտրության ընթացքը՝ թեեւ «Օրինաց երկիր»-ը ներկայացրել է վերահաշվարկի դիմում-բողոքներ:

«Քանի որ քվեարկության ընթացքում արտառոց խախտումներ չարձանագրվեցին, եւ այդ մասին մինչ քվեարկության ավարտը եւ ձայների հաշվարկը մենք անդրադարձանք եւ ասացինք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում երկուշաբթի օրը փաստարկեց Մարգարյանը: - «Թեթեւ խախտում էին՝ ընտրական իրավունքի վերականգնում, ցուցակային անճշտություններ որոշակի տեղամասերում… Տեխնիկական բնույթի խախտումներ կային, որոնք, կարծում եմ, էական ներգործություն չէին կարող ունենալ»:

Հարցին, թե ինչպես է գնահատում այն, որ, ըստ նախնական արդյունքների, «Օրինաց երկիր»-ը չի հաղթահարել 7 տոկոսի շեմը, Հովհաննես Մարգարյանը արձագանքեց. - «Այսօր կան բազմաթիվ բողոքներ [Հայ ազգային] կոնգրեսի կողմից եւ «Օրինաց երկրի» կողմից՝ վերահաշվարկի պահանջով: Վերահաշվարկը կլինի՝ առջեւում 3 օր ժամանակ կա, ավելի մոտիկից կծանոթանանք վերահաշվարկի միջոցով իրական պատկերին, եւ այդ ժամանակ կասենք մեր կարծիքը»:

Հովհաննես Մարգարյանը հատուկ շեշտադրությամբ ընդգծեց. - «Նախնական արդյունքներով 5 տոկոսի շեմը հաղթահարվել է մեր կողմից»:

Ասվածից կարելի է ենթադրել, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը հույս ունի, որ վերահաշվարկից հետո կարող է պատկերը փոխվել, եւ իրենց կհաջողվի հաղթահարել նաեւ օրենքով սահմանված 7 տոկոսի շեմը:
XS
SM
MD
LG