Մատչելիության հղումներ

ՀՅԴ. «Հերթական անգամ կատարվեց այն, ինչ տեղի էր ունեցել նախկինում»


Դաշնակցության հանդիպումը Երեւանի Կենտրոն համայնքի ընտրողների հետ, 27-ը մայիսի, 2009 թ.
Դաշնակցության հանդիպումը Երեւանի Կենտրոն համայնքի ընտրողների հետ, 27-ը մայիսի, 2009 թ.

Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը երկուշաբթի օրը տարածած հայտարարությամբ իր հուսախաբությունն է հայտնում Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ:

«[Երեւանի ավագանու ընտրությունները] Մենք դիտարկում էինք իբրեւ քաղաքական համակարգի կայացման, մայրաքաղաքի կառավարման նոր մոդելի ձեւավորման, 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ստեղծված առճակատման ու թշնամանքի մթնոլորտի հաղթահարման, հասարակության համախմբման հնարավորություն», - ասված է հայտարարությունում. - «Ցավոք, այդպես չեղավ. հերթական անգամ կատարվեց այն, ինչ տեղի էր ունեցել նախկինում։ Դարձյալ ընտրություններում դերակատար եղան թաղային եւ օլիգարխիկ հեղինակությունները, ընտրակաշառքը, վարչական լծակների օգտագործումը»։

«Անկախ այն հանգամանքից, թե որքանով է ավագանին ձեւավորող քաղաքական ուժերի համամասնությունը համապատասխանում մայրաքաղաքում նրանց ունեցած իրական վարկանիշին, համայնքային այս ընտրությունների արդյունքում ՀՅ Դաշնակցության արձանագրած արդյունքի պատճառները մենք հակված ենք փնտրել միայն մեր աշխատանքի մեջ։ Մենք պարտավոր էինք մեր հավաքական եւ անձնական օրինակով ապացուցել եւ ժողովրդին հասանելի դարձնել մեր դավանած ճանապարհի ճշմարտացիությունը», - շարունակում են հայտարարության հեղինակները։ - «Միեւնույն ժամանակ արձանագրում ենք, որ ընտրությունները չընթացան գաղափարական ծրագրային հիմքի վրա, եւ այս առումով ՀՅԴ-ի եւ նրա քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյանի ջանքերը ըստ արժանավույնս չարդյունավորվեցին։ Ցավոք, մեր քաղաքացիները շարունակում են հիմնականում քվեարկել` տուրք տալով իշխանությունների վարչական ճնշամիջոցներին, ընտրակաշառքներին եւ ամբոխավարությանը»։

Դաշնակցությունը «անօգուտ եւ աննպատակահարմար» է համարում իրավական առումով ընտրությունների հետ կապված ինդիրներ հարուցելը. - «Բայց մեր քաղաքական եզրակացությունը հստակ է. նմանատիպ ընտրությունները հանցավոր անպատասխանատվություն են մեր պետության, ժողովրդի եւ մեր երեխաների հանդեպ եւ Դաշնակցությունը երբեք չի համակերպվելու այս իրավիճակի հետ»։

«Առանց մատնանշելու կոնկրետ ընտրախախտումները` ԿԸՀ-ում ՀՅԴ ներկայացուցիչը, որպես շարունակական արատավոր այս երեւույթների նկատմամբ քաղաքական անհամաձայնության արտահայտություն չի ստորագրելու այս ընտրությունների եզրափակիչ արձանագրությունը։ Միեւնույն ժամանակ կոչ ենք անում իշխանություններին, անհրաժեշտ նախադեպ ստեղծելով քաղաքական կամք դրսեւորել եւ կեղծիքներով ու ընտրախախտումներով առավելապես աչքի ընկած ընտրատեղամասերում ընտրությունները ճանաչել անվավեր»։

Անցած ապրիլին իշխող կոալիցիայից դուրս եկած Դաշնակցությունը, հիշեցնենք, Երեւանի ավագանու ընտրություններում, ըստ նախնական տվյալների, չի հաղթահարել 7 տոկոսի շեմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG