Մատչելիության հղումներ

Կրկին խոչընդոտվում է մարդկանց մուտքը Երեւան


Երկուշաբթի օրը Հայաստանի մյուս բնակավայրերից Երեւան մտնող միկրոավտոբուսները դատարկ էին կամ դատարկվում էին ճանապարհի կեսին։

Աբովյան - Երեւան ճանապարհին ոստիկանական երկու հսկիչ կետ կար։ Ոստիկանները կանգնեցնում էին Նոյեմբերյանից, Դիլիջանից ու այլ բնակավայրերից ժամանող միկրոավտոբուսները, եթե դրանց վարորդներն ինչ-ինչ պատճառներով այսօր Երեւան մեկնելու արգելքի մասին չէին տեղեկացել: Պարզապես իջեցնում էին ուղեւորներին։

«Իմաստ չկա, որ իջեցնում են: Չգիտեմ, թե իմաստը որն է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ուղեւորներից մեկը՝ հավելելով, թե ոստիկաններին չեն հարցրել պատճառների մասին, բայց գիտեն, որ դա կապված է երեկոյան նախատեսված ընդդիմության հանրահավաքի հետ. - «Իբր ցույց է: Ուրիշ որ մի բան»:

Կանգնեցնում էին նաեւ այն մարդատար ավտոմեքենաները, որոնք ոստիկաններին կասկածելի էին թվում։ Ուղեւորները, ովքեր նույնիսկ տեղյակ չէին հայտարարված հանրահավաքի մասին, շփոթմունքի մեջ էին։

Միջին տարիքի մի կին հուզված ասում էր. - «Հիվանդը մահանում է մեքենայի մեջ, չեն թողնում հասցնենք հիվանդանոց՝ ուռուցքաբանական: Բանալիները հանեցին, տարան»:

Միկրոավտոբուսները շարունակում էին ճանապարհը միայն այն դեպքում, երբ ոստիկանները համոզվում էին, որ ուղեւորները մեծամասամբ կա'մ ուսանողներ են, կա'մ երեխաներ։

Ոստիկաններից մեկի ձեռքին թուղթ ու գրիչ կար։ Կեսօրին արդեն մոտ 2 տասնյակ ավտոմեքենայի պետհամարանիշներ էր արձանագրել։

Հարցին, թե որ մեքենաների համարներն է գրում, հստակ չէր պատասխանում. - «Ոչ մի բան էլ չենք անում, ընկերուհի»:

Իսկ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ են մարդկանց իջեցնում միկրոավտոբուսներից, նա արձագանքեց. - «Ուրեմն պատճառ կար, որ իջեցրինք»:

Պառճառը նույնն էր, ինչ նախկինում՝ ստուգումներ են իրականացնում: Հարկ է նշել, սակայն, որ ոստիկանության հայտարարած «Վահան» օպերացիան ավարտվել է մայիսի 29-ին:

«Անցկացնում ենք միջոցառումներ, ստուգումներ, որը մեր պարտականությունների մեջ է մտնում՝ կապված հասարակության անվտանգության հետ», - ասաց ոստիկաններից մեկը:

Հարցին, թե ինչպես է, որ ահազանգեր են հնչում միայն ընդդիմության հանրահավաքի օրերին, հնչեց հետեւյալ պատասխանը. - «Ուրեմն լավ չի աշխատում ձեր հեռախոսը»:

Նույն իրավիճակն էր նաեւ Մասիսից, Գյումրիից ու Վանաձորից Երեւան տանող ճանապարհներին ու ավտոկանգառներին։ Ուղեւորներն ասում էին, թե երեխաների պաշտպանության միջազգային օրը նրանց իրավունքները ոտնահարվում են։

Մասիսի ավտոկայանում մարդիկ մեկ ժամից ավելի սպասում էին։

«Երեխեքի տոնն էլ չեն թողնում, որ նորմալ նշենք», - դժգոհեց մի կին: - «Չկա, առավոտվանից տրանսպորտ չկա»:

«Ուզում ենք գնալ ման գալու Երեւանի այգիներում, գազանանոց, բայց տրանսպորտ չկա», - ասաց մեկ այլ կին՝ հավելելով, թե իրենք հարցրել են դիսպետչերին եւ ստացել պատասխան, թե այսօր միկրոավտոբուսները չեն աշխատելու:

Նույն վիճակն է արձանագրվել նաեւ Գյումրիից Երեւան բերող ճանապարհներին:

«Վահան» օպերացիան շարունակվում է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գյումրի - Երեւան մայրուղու վրա հերթապահող մի ոստիկան: - «Մենք մեր նախարարի հրամանն ենք կատարում: Ստուգում ենք մեծ մասամբ ֆիրմային մեքենաները, զենք, զինամթերք, թմրանյութ»:

Նրանք պնդեցին, թե իրենց ստուգումները կապված չեն ընդդիմության հանրահավաքի հետ:

«Ազատություն» ռադիոկայանը այսօր պաշտոնական պատասխան էր ակնկալում Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունից, թե ինչու են մրցույթով շահած երթուղիները շահագործողները ժամանակ առ ժամանակ խախտում մրցույթի պայմանները: Կամ ինչո՞ւ է խախտվում ուղեւորների ազատ տեղաշարժվելու իրավունքը: Պատասխան այդպես էլ չստացանք:

Երեկ, հիշեցնենք, Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում խոսում էր մարզպետերի ու քաղաքապետերի ազատ տեղաշարժվելու իրավունքի մասին՝ երբ նրանք լուսադեմին Երեւան էին ուղեկցել հարյուրավոր քաղաքացիների:

«Մարզպետարանի աշխատակիցները, մարդիկ ազատ են եւ իրենք կարող են... Հայաստանի Հանրապետությունում ազատ տեղաշարժի իրավունք է», - ասել էր Շարմազանովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG