Մատչելիության հղումներ

Ընտրությունները «ընդհանուր առմամբ, համապատասխանեցին եվրոպական չափանիշներին»


Նայջլ Մերմագենը (կենտրոնում) եւ դիտորդական առաքելության եւս երկու անդամ՝ Երեւանում հանդիպման ժամանակ
Նայջլ Մերմագենը (կենտրոնում) եւ դիտորդական առաքելության եւս երկու անդամ՝ Երեւանում հանդիպման ժամանակ

Եվրոպայի խորհրդի Տեղական ինքնակառավարման մարմինների կոնգրեսի դիտորդական խմբի գնահատմամբ, Երեւանի ավագանու` երեկ կայացած ընտրությունները զգալի առաջընթաց էին՝ ի համեմատ 2008 թվականի սեպտեմբերին Երեւանում կայացած համայնքային ընտրությունների։

Այսօր այս մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտարարեց դիտորդական խմբի ղեկավար, բրիտանացի Նայջլ Մերգամենը։

«Եվրախորհրդի կոնգրեսի պատվիրակությունը ողջունում է այս ընտրությունները եւ իր գոհունակությունը հայտնում առ այն, որ Հայաստանը շարունակեց առաջ շարժվել տեղական ժողովրդավարությունը զարգացնելու եւ իրագործելու իր ճանապարհով», - հայտարարեց Մերմագենը՝ հավելելով, թե ընտրությունների կազմակերպումն ու անցկացումն ընդհանուր առմամբ, համապատասխանեցին եվրոպական չափանիշներին։

Այս ամենով հանդերձ, ըստ դիտորդական խմբի ղեկավարի, ընտրական մշակույթը Հայաստանում հետագա կատարելագործման կարիք ունի։ Բարելավման կարիք ունի նաեւ «ընտրական պրոցեսի գործնական կազմակերպումը, եւ այս առումով, հարկ է, որ քաղաքական գործիչները համարժեքորեն փոխեն իրենց վերաբերմունքն ու վարքագիծը»։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս կբացատրի այս գնահատականի եւ ընտրախախտումների մասին ընդդիմության բազմաթիվ ահազանգերի միջեւ եղած սուր հակադրությունը, Նայջլ Մերմագենը արձագանքեց. - «Չեմ կարող համաձայնել գնահատականին, որ այստեղ հակասություն կա: Բացի այդ, մենք դեռեւս պետք է մանրամասն ու ամբողջական զեկույց պատրաստենք, որի մեջ ներառված կլինեն նաեւ մեր քննադատական դիտարկումներն ու արձանագրումները»։

Հարցին, թե ինչպե՞ս կարելի է ընտրությունների ընթացքում մեծ թվով ծեծված լրագրողներ ունենալու հանգամանքը տեղավորել եվրոպական չափանիշների մեջ, Մերմագենը պատասխանեց, թե այդ հարցը դուրս է իրենց իրավասության շրջանակներից։

Այդուհանդերձ, ըստ եվրոպացի դիտորդների ղեկավարի, այդ եւ մի շարք այլ հարցեր, որոնք վերաբերում են ընտրապրոցեսի թերություններին, տեղ կգտնեն առաջիկա հոկտեմբերին հրապարակվելիք վերջնական զեկույցի մեջ:

Ավելի վաղ, դիտորդներն իրենց խորը մտահոգությունը փաստող հաղորդագրություն էին տարածել: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որքանո՞վ է այդ մտահոգությունը համահունչ այսօրվա գնահատականին, Մերմագենը արձագանքեց, թե իրենց մտահոգությունը վերաբերում էր տարբեր օրինախախտումներին վերաբերող հաղորդումներին, այլ ոչ թե բուն օրինախախտումներին. - «Իսկ դրանք տարբեր բաներ են։ Այդուհանդերձ, մեր մտահոգությունների մի մասը դեռեւս փարատված չէ. հետագայում մենք դրանց նորից անդրադառնալու ենք»։

Հարցին, թե արդյո՞ք իրենց արձանագրած խախտումները կարող էին անդրադառնալ ընտրությունների արդյունքի վրա, Մերմագենը պատասխանեց, որ արդյունքների որոշ փոփոխություն, թերեւս, կարող է լինել, սակայն՝ «մեծ հաշվով, դրանք ի վիճակի չեն կասկածի տակ դնել ներկայիս արդյունքների օրինականությունը»։

Չնայած լրագրողների համառ խնդրանքներին` մատնանշել, թե հատկապես ի՞նչ կարգի խախտումներ են արձանագրել եվրոպացիները, Մերմագենն այդպես էլ չորոշակիացրեց խախտումների բնույթը՝ միայն նշելով, թե դրանք հիմնականում կազմակերպչական բնույթի էին։

«168 ժամ»-ի թերթի թղթակիցը, ով, իր խոսքերով, երեկ ծեծի ենթարկված լրագրողներից է, նշեց, որ տեղամասերից մեկում տեսել է Նայջլ Մերմագենին ու զարմացել նրա անտարբերության վրա. - «Այն, որ դուք լսում էին միայն իշխանամետներին, ու անուշադրության մատնում ընդդիմադիրների բողոքները, արդյո՞ք չի նշանակում, որ Հայաստան եք ժամանել` նախապես ձեր դրական գնահատականն ունենալով»։

Մերմագենը, ի պատասխան, հիասթափություն հայտեց, որ իրենց մեղադրում են կանխակալության մեջ, եւ հավելեց, որ իրենք շատ օրեր են անցկացրել այս երկրում, ու շատ հանդիպումներ ունեցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ` փորձելով անել հնարավորը` համապարփակ դիտարկում իրականացնելու համար։
XS
SM
MD
LG