Մատչելիության հղումներ

Լարված իրավիճակ՝ Էրեբունու ընտրատարածքներից մեկում


Ժամը 17-ին մոտ իրավիճակը բավական լարված էր էրեբունի համայնքի թիվ 120 դպրոցում տեղակայված 13/09 ընտրատեղամասի շուրջը։ Դպրոցի առջեւ խմբված էին մեծ թվով երիտասարդներ, որոնք խոչընդոտում էին նկարահանումներ անել փորձող լրագրողների աշխատանքը։

«Ազատություն» ռադիոկայանի տեսախցիկը եւս բացառություն չէր։

Դիտարկմանը, թե նկարահանումը օրենքի շրջանակում է, երիտասարդը պատասխանեց. - «Չես հասկնում հայերե՞ն…Չե՜նք ուզում նկարեք»:

Ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Ժիրայր Այվազյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, թե «ամեն ինչ նորմալ է», եւ անգամ թույլատրեց նկարահանումներ կատարել ներսում։

Քիչ անց, սակայն, նա «Ազատություն» ռադիոկայանի տեսաօպերատորին տեղամասից դուրս հրավիրեց՝ արգելելով նկարահանել ընտրացուցակները։ Առարկությունը, թե նույն ընտրացուցակները կախված են նաեւ դրսում, որեւէ հետեւանք չունեցավ։

«Մի րոպե հլը, հիմա որ վեկալեմ էս ապարատով տամ գետին, հո չե՞ս նեղանա... Դու իրավունք ունե՞ս ընտրացուցակ նկարելու, որ նկարո՞ւմ ես: Որ անում եք՝ իմացեք ինչ եք անում, նոր արեք…. Ընտրացուցակը հրապարակման ենթակա չի… Դավայ, դուրս էկեք», - ասաց նա

Երբ ընտրատեղամասից դուրս եկանք, «Ազատություն» ռադիոկայանի թղթակցիներին, ինչպես նաեւ «Ա1+» գործակալության թղթակցին, ով նույնպես նկարահանումներ էր անում, մոտեցան մոտակայքում կանգնած երիտասարդները։

«Վոբշեմ, վերջացրեք-գնացեք», - ասում էին նրանք: Առարկություններին երիտասարդներն արձագանքեցին շատ կոպիտ. - «Հեսա քեզ պատից կքցեմ էն յան, լեզուդ շատ երկար ա»:
XS
SM
MD
LG