Մատչելիության հղումներ

Լրագրողների նկատմամբ բռնություն է կիրառվել


Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում լրագրողների նկատմամբ բռնություն է կիրառվել թիվ 9/1 տեղամասում:

«Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ իրեն հարվածել են Ազգային ժողովի պատգամավոր Լեւոն Սարգսյանի թիկնապահները: Նրանք նաեւ խլել են «Ժամանակ» թերթի լրագրող Մարինե Խառատյանի ձայնագրիչը: Բռնություն է կիրառվել «Հայք» թերթի լրագրող Տաթեւ Մեսրոպյանի նկատմամբ:

Ոստիկանությունը հաղորդել է, որ ահազանգ է ստացվել «Հայք» թերթի խմբագիր Գեղամ Նազարյանից. նա հայտնել է, որ թիվ 9/1 ընտրատեղամասում պատգամավոր Լեւոն Սարգսյանի թիկնապահները ծեծել են «Հայք»-ի լրագրողներին: Դեպքի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնում նախապատրաստվում են նյութեր, հանգամանքները ճշտվում են:

Լրագրողների նկատմամբ բռնությունները սկսվել են, երբ նրանք հետաքրքրվել են, թե Արաբկիրում բնակվող պատգամավորը ի՞նչ է անում Կենտրոն համայնքի ընտրական տեղամասում:

Լրագրողները ոստիկանությունում հայտարարություն են տվել:

Ոստիկանության կայքում հաղոդրգություն է տեղադրված, ըստ որի` Ազգային ժողովի պատգամավոր Լեւոն Սարգսյանի անձնական թիկնապահ Հ. Գալոյանը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 10:30-ի սահմաններում թիվ 9/1 ընտրատեղամասում Լեւոն Սարգսյանի քվեարկության ժամանակ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը հարձակվել է իրենց վրա, իրենց հասցեին խուլիգանական հայհոյանքներ տվել` խախտելով հասարակական կարգը:

Ոստիկանությունը հաղորդում է, որ դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG