Մատչելիության հղումներ

Ընտրատեղամասից «դուրս է հրավիրվել» Հելսինկյան ասոցիացիայի նախագահը


Մալաթիա-Սեբաստիա համայնքի 8/27 ընտրատեղամասից դուրս է հրավիրվել Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանին:

Դանիելյանը «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ ինչ-որ մարդիկ մոտեցել են իրեն եւ «տղայավարի» խորհուրդ են տվել հեռանալ:

«Այնտեղ ընդհանրապես անհնարին է աշխատել», - շարունակեց նա: - «Այնտեղ կանգնած են ինչ-որ հեղինակություններ, որոնք ղեկավարում են ամեն ինչը… չեն թողնում լուսանկարել: Մեզ բացատրեցին, թե՝ տղայավարի ենք ասում, եթե ուզում եք կռիվ, մենք այդ բանը կանենք, հելեք-գնացեք…»:

Նույն ընտրատեղամասում Հայ ազգային կոնգրեսի վստահված անձը «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ ցերեկվանից արդեն սկսվել են լցոնումները, իսկ երբ ինքը փորձել է միջամտել, սպառնացել ու ահաբեկել են. - «Սկսեցին ահ տալ ինձ՝ կանչեն-հանեն դուրս, մազերդ գլխիցդ կհանենք, գիշերն այստեղից կենդանի չես գնա տուն: Այնտեղ դրված բյուլետենները առանց պասպորտի պտիչկեն դնում են, դնում պակետի մեջ, դնում [քվեատուփի մեջ]: Ես ասում էի՝ ի՞նչ եք անում, այ մարդ, հերիք եղավ, բավական եղավ…. Ո՞վ է հաշվի առնում»:

Նույն համայնքի թիվ 8 ընտրատարածքի 3-րդ տեղամասում «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը ականատես եղավ մարդկանց կուտակումների, մի քանի հոգով քվեախցիկներին մոտենալու մի շարք դեպքերի:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը ականատես եղավ նաեւ թիվ 70 երթուղային տաքսիներով մարդկանց քվեարկության բերելու դեպքերի: Երկու տարեց կին, ում այդ երթուղայինով բերել էին քվեարկության եւ պիտի տուն տանեին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դժգոհեցին՝ ընտրակաշառք էին խոստացել, բայց չեն տվել:

«Մի կոպեկ էլ չտվեցին», - ասաց նրանցից մեկը: - «Էն Ծաղիկ ա, ինչ զահրումար ա, ասել էր, որ հինգ հազար դրամ մարդա պտի փող տան: Բա ո՞ւր ա»:

Նա հավելեց, որ Ծաղիկն իրենց հարեւանուհին է. - «Խաբեցին, փաստորեն խաբեցին»:

Իսկ հարցին, թե ո՞ր կուսակցության օգտին են քվեարկել, կանայք ասացին, թե չգիտեն. - «Տղեն այնտեղ էր, տղեն ասավ՝ գրեցինք»:
XS
SM
MD
LG