Մատչելիության հղումներ

Դիտորդական խմբի ղեկավարը գտնում է, որ 15 դիտորդը բավարար չէ լիարժեք դիտարկում կատարելու համար


«Այս պահին դժվար է ամփոփ գնահատական տալ ընտրական գործընթացին, սակայն, բազմաթիվ մարդկանց` այդ թվում ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունն ու հասարակական կազմակերպությունները ներկայացնողների հետ ունեցած մեր հանդիպումներից հետո այնպիսի զգացողություն ունենք, որ քարոզարշավի ընթացքում որոշ խնդիրներ են առաջացել։ Դրանք կապված են անօրինական գործողությունների, զանազան խախտումների, սպառնալիքների, ֆիզիկական բռնությունների հետ», - մայիսի 30-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այս մասին ասաց Եվրոպայի խորհրդի տեղական ինքնակառավարման մարմինների կոնգրեսի դիտորդական խմբի ղեկավար, Մեծ Բրիտանիայի Հարավային Սոմերսեթ շրջանը ներկայացնող Նայջել Մերմագենը։

«Մեր զրույցների ընթացքում այդպիսի տեղեկություններ ենք ստացել եւ, հնարավորությունների սահմաններում, ուսումնասիրել ենք դրանք: Կասկած չկա, որ դրանցում ճշմարտության որոշակի հիմքեր կան, բայց, ինչպես ցանկացած ընտրությունների ժամանակ, ցանկացած երկրում` շատ բաներ չափազանցվում են», - ասաց Նայջել Մերմագենը:

Դիտորդական խմբի ղեկավարը ընդգծեց, որ իրենց հիմնական խնդիրը բուն ընտրությունների օրը, այլ ոչ թե նախորդած կամ հաջորդած շրջանները դիտարկելն է:

«Իհարկե, այդ մեղադրանքների մասին տեղեկությունները մենք ներկայացրել ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, ինչպես նա այլ պաշտոնատարներին: Նրանք տեղեկացված են, որ մենք գիտենք մեղադրանքների մասին եւ դրանք կարձանագրենք մեր եզրակացության մեջ», - հայտարարեց Նայջել Մերմագենը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, արդյո՞ք 15 դիտորդը բավարար է լիարժեք դիտարկում կատարելու համար, Եվրոպայի խորհրդի տեղական ինքնակառավարման մարմինների կոնգրեսի դիտորդական խմբի ղեկավարը նշեց, որ դրա համար չէր բավականացնի անգամ հարյուր մարդուց բաղկացած խումբը. - «Ավելի քան 1 միլիոնանոց բնակչություն ունեցող քաղաքի համար դա անշուշտ շատ քիչ է։ Ինչպես աշխարհի ցանկացած այլ կազմակերպություն, եվրոպայի խորհուրդի ռեսուրսները ս անսահմանափակ չեն։ Այդուհնադերձ, մենք այսօրինակ աշխատանքի փորձ ունենք։ Արդեն գիտենք այն հավանական տեղամասերը, որոնցում կարող են խնդիրներ լինել, մեր ուշադրությունը կկենտրոնացնենք հատկապես դրանց ուղղությամբ»:

Եվրոպայի խորհրդի դիտորդներն առաջիկա երկուշաբթի հանդես կգան մամուլի ասուլիսով, իսկ հաջորդ օրը կմեկնեն Հայաստանից։ Ըստ Նայջլ Մերմագենի, մոտ տաս օրից կազմակերպության Սլովենիայում կայանալիք բյուրոյի նիստին կհրապարակվի նախնական զեկույցը։ Վերջնական փաստաթուղթը, որը կներառի նաեւ Եվրոպայի խորհրդի առաջարկները, կհրապարակվի գալիք սեպտեմբերին-հոկտեմբեր ամիսներին։
XS
SM
MD
LG