Մատչելիության հղումներ

Անվանի երաժիշտները հանդես կգան Սպիտակում


Տիգրան Մանսուրյանը, Արամ Ղարաբեկյանը եւ Տիգրան Հեքեքյանը ասուլիսի ժամանակ
Տիգրան Մանսուրյանը, Արամ Ղարաբեկյանը եւ Տիգրան Հեքեքյանը ասուլիսի ժամանակ

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը Սպիտակում համերգով հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Արամ Ղարաբեկյանի գլխավորությամբ, Տիգրան Հեքեքյանի գլխավորած «Հայաստանի փոքրի երգիչներ» երգչախումբը: Ի թիվս այլ ստեղծագործությունների կհնչի Տիգրան Մանսուրյանի սյուիտը «Ձյունե թագուհին» բալետից:

Մանսուրյանը, Ղարաբեկյանն ու Հեքեքյանը ուրբաթ օրը համատեղ ասուլիս էին հրավիրել, որտեղ տեղեկացրին, որ ծրագրում են նաեւ վարպետաց դասեր տալ Սպիտակի երաժշտական դպրոցի աշակերտների համար:

«Մենք լսելու ենք մի քանի շնորհալի երեխաների այնտեղ: Բոլորը առիթ կունենան, որ նաեւ անձամբ հանդիպեն Տիգրան Մանսուրյանին: Ես վստահ եմ, որ Տիգրան Մանսուրյանի ներկայությունն այնտեղ շատ մեծ ոգեւորություն արդեն իսկ ստեղծել է», - ասաց Արամ Ղարաբեկյանը:

Հարցին, թե ինչու է համերգի համար ընտրվել հատկապես Սպիտակ քաղաքը, Ղարաբեկյանը նախ ասաց, որ վերջին անգամ նվագախումբը Սպիտակում եղել է 2008-ի դեկտեմբերի 7-ին, եւ շարունակեց. - «Դեկտեմբերին, որ այնտեղ եղել էինք, ես զգացի, որ անընդհատ շեշտը այդ երկրաշարժի տարելիցի վրա է լինում: Փորձենք հիմա լրիվ ուրիշ շեշտադրումով Սպիտակ քաղաքին ինչ-որ մի բան տալ: Եվ հատկապես երեխաներին»:

Անդրադառնալով մարզերում տեղի ունեցող դասական երաժշտության համերգներին՝ Արամ Ղարաբեկյանը ասաց. - «Այսօր ինչքան կարեւոր է, [որ] մեր մարզերում մենք կարողանանք մեր բարձր արվեստը եւ մշակույթը, դասական երաժշտությունը հնարավորին չափ տարածել: Անցած 11 տարիների ընթացքում Կամերային նվագախումբը 100-ի ավելի համերգներ է կատարել մարզերում եւ Արցախում:

Տիգրան Մանսուրյանը ասաց, որ սիրով է միանում «այս հրավերին եւ այս հրաշալի խմբերին». - «Եվ մանավանդ, ինձ համար անչափ հաճելի է լինել Սպիտակում»:

Տիգրան Հեքեքյանը, իր հերթին, ասաց. - «Ես էլ այդպես լիցքավորվում եմ, որ մենք միասնաբար մի գործ ենք անում: Մենք հաճույքով ենք միասին աշխատում, որովհետեւ սկզբունքորեն շատ հարցերի մի ձեւով ենք նայում, ունենք բարձրագույն որակի հանդեպ մեծ պատասխանատվություն եւ ձգտում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG