Մատչելիության հղումներ

Այսօր կընթերցվի պրոդյուսեր Ֆիլ Սփեքթորի դատավճիռը


Այսօր Միացյալ Նահանգներում հանգուցալուծվում է արեւմտյան շոու բիզնեսի ողբերգական պատմություններից մեկը՝ Լոս Անջելեսի դատարանը վերջակետ է դնելու պրոդյուսեր եւ երգահան, կիթառահար եւ դաշնակահար Ֆիլ Սփեքթորի դատական գործում:

Սփեքթորը համագործակցել է «Ռոնեթս», «Քրիսթալս», «Բիթլզ», «Թեդի Բեարզ», «Ռամոնես» խմբերի, ինչպես նաեւ Ջոն Լենոնի, Ջորջ Հարիսոնի, Այք եւ Թինա Թյորներների, Լեոնարդ Քոհենի հետ:

1989 թվականին նրա անունը հավերժացվել է ռոքնռոլի Պատվո սրահում: Թվում էր, այդ անունը երբեւէ չի հայտնվի որեւէ սկանդալի կենտրոնում: 2003 թվականի փետվարի 3-ի մղձավաջը, սակայն, ամեն ինչ տակնուվրա արեց:

Փետրվարի 2-ին Լոս Անջելեսում Սփեքթորը հանդիպել է դերասանուհի եւ մոդել Լանա Ջեյն Քլարքսոնին եւ նրան հրավիրել իր տուն՝ խմիչք հյուրասիրելու: Հաջորդ օրը առավոտյան ժամը 5-ին ոստիկանությունը ահազանգ է ստացել պրոդյուսերի տանը հնչած կրակոցի մասին: Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու բժիշկները հատնաբերել են Լանա Քլարքսոնի դին: Սպանված տիկնոջ բերանի խոռոչի շրջանում հրազենային վերք էր:

Ֆիլ Սփեքթորը պնդում էր, թե դերասանուհին ինքնասպան է եղել, սակայն նախքան ոստիկանների ժամանելն իր վարորդին ասել էր. - «Ես հենց նոր մարդ սպանեցի»:

Նրան ձերբակալել, ապա 1 միլիոն դոլար գրավի դիմաց ազատ էին արձակել: Դիակի զննության արդյունքում ինքնասպանության վարկածը հերքվել է, եւ 2003 թվականի նոյեմբերի 20-ին Սփեքթորին պաշտոնապես առաջադրվել է միտումնավոր սպանության մեղադրանք: Այս տարվա ապրիլի 13-ին դատարանը նրան մեղավոր է ճանաչել:

Ենթադրվում է, որ այսօր դատարանը Ֆիլ Սփեքթորին կդատապատի առնվազն 18 տարվա ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG