Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Բանակցային սեղանին չկա Ադրբեջանից Ղարաբաղի անջատման մեխանիզմ»


«Այսօր բանակցությունների սեղանին Ադրբեջանին բոլոր գրավյալ տարածքների վերադարձի հարցն է, բոլոր տեղահանվածների` հարազատ օջախներ վերադարձի հարցը: Բանակցային սեղանին չկա եւ չի կարող լինել Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի անջատման մեխանիզմ», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Մենք ձգտում ենք հասնել հայ - ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման, սակայն, միաժամանակ, չենք բացառում նաեւ մյուս բոլոր տարբերակները», - ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` ասել է Ալիեւը մայիսի 28-ին երկրում նշվող Հանրապետության օրվա կապակցությամբ իր ելույթում:

Ղարաբաղյան հարցի լուծումը, ըստ նրա, ադրբեջանական պետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունն է:

«Ցավոք, չնայած բոլոր ջանքերին, մենք չկարողացանք հասնել հիմնախնդրի լուծմանը: Դրա պատճառը մեկն է` Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումը եւ բանակցային գործընթացի արհեստական ձգձգման նրա մարտավարությունը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

«Խնդիրը պետք է լուծվի միայն միջազգային իրավունքի նորմերի հիման վրա: Ադրբեջանը չի նահանջելու իր սկզբունքային, արդարացի եւ միջազգային իրավունքի նորմերի վրա հիմնված դիրքորոշումից», - ասել է Իլհամ Ալիեւը: - «Մի շարք դեպքերում հայկական կողմը փորձում է ներկայացնել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը տարածքային ամբողջականության սկզբունքի հետ հավասար, նույն մակարդակի վրա: Սակայն դա կարող է ընդունվել միայն նրանց կողմից, ովքեր ծանոթ չեն տվյալ հարցին, չեն զբաղվում քաղաքականությամբ: Միջազգային հանրությունը մերժում է նման մոտեցումը: Բավական է ուշադիր կարդալ 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտը` այնտեղ ամեն ինչ նշված է: Տարածքային ամբողջականության սկզբունքները հիմնականն են: Ժողովուրդների ինքնորոշման հարցը չպետք է խախտի տարածքային ամբողջականությունը, հակասի տարածքային ամբողջականության սկզբունքին»:

«Բացի այդ, Հայաստանը արդեն անկախ պետություն է, եւ հայ ժողովուրդը մեկ անգամ արդեն ինքնորոշվել է: Ադրբեջանական պետությունը եւ ադրբեջանական ժողովուրդը երբեք թույլ չեն տա, որպեսզի ադրբեջանական հողի վրա ստեղծվի երկրորդ հայկական պետություն», - վստահեցրել է Ադրբեջանի նախագահը:

Նրա խոսքերով` «ո’չ այսօր, ո’չ 10, ո’չ 100 տարի անց Լեռնային Ղարաբաղը չի լինելու անկախ պետություն»:

«Ադրբեջանի դիրքորոշումը միանշանակ է: Չնայած բոլոր ճնշումներին` մենք պետք է պաշտպանենք այդ դիրքորոշումը մինչեւ վերջ», - հայտարարել է Իլհամ Ալիեւը:

«Մենք մեծացնելու ենք մեր պաշտպանական հզորությունը: Այդ նպատակներին կտրամադրվեն այնքան միջոցներ, որքան անհրաժեշտ են: Մենք ուղղակի օգտվում ենք մեր բնական իրավունքից: Մենք ծախսում ենք ադրբեջանական ժողովրդի աշխատանքով ստեղծված միջոցները մեր բանակի ամրապնդման համար», - ասել է Ադրբեջանի նախագահը` հավելելով. - «Այսօր Ադրբեջանի աճող տնտեսական հզորությունը մեզ թույլ է տալիս ծախսել բանակային շինարարության վրա 2 միլիարդ դոլար: Այդ թիվը հավասար է Հայաստանի ամբողջ բյուջեին»:

«Առաջիկա տարիներին մեծ անդունդը, որը այսօր առկա է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, է’լ ավելի կխորանա, կընդլայնվի, Ադրբեջանը կվերածվի ավելի հզոր պետության: Հայաստանը իր զավթիչ քաղաքականության պատճառով պետք է մնա եւ կմնա մեկուսացված բոլոր միջազգային նախագծերից: Մենք շարունակելու ենք բոլոր տարածաշրջանային եւ գլոբալ նախագծերից Հայաստանի մեկուսացմանը ուղղված մեր քաղաքականությունը, քանի դեռ մեր հողերը ազատագրված չեն», - հայտարարել է Իլհամ Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG