Մատչելիության հղումներ

Jane’s. «Հայաստանն ու Ադրբեջանը կպահպանեն հրադադարը»


Հայաստանն ու Ադրբեջանը կպահպանեն հրադադարը` շարունակելով միջազգային բանակցությունները, դիվանագիտական խուսանավումներն ու PR-պատերազմը: Այսպիսի կանխատեսում է արել Jane’s հեղինակավոր վերլուծական կենտրոնը Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի 15-ամյակի կապակցությամբ հրապարակած զեկույցում:

«Չնայած Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ անհամաձայնությանը, միջազգային խաղաղապահ ուժերի բացակայությանը, Հայաստանն ու Ադրբեջանը պահպանում են հրադադարը, որը հաստատվել է 15 տարի առաջ` մայիսի 12-ին», - արձանագրում են Jane’s-ի փորձագետները: - «Չնայած Ադրբեջանը ցանկանում էր հետ շրջել պատերազմի կորուստները, նրա գործողությունները զսպված են այն վախով, որ Հայաստանի հետ մարտական գործողությունների վերսկսումը կարող է նոր կորուստների հանգեցնել»:

Jane’s-ի հետազոտությունում ասված է, որ հակամարտության գոտում մարդկային զոհերի հանգեցնող միջադեպերի մեծ մասը դիպուկահարների նշանակետային կրակոցներն են ու ականների պայթյունները:

«Ոչ մի կողմը ծայրահեղ շեմը չի անցնում», - նշում են Jame’s-ի վերլուծաբանները: - «Ադրբեջանը էներգակիրների եկամուտներից դժվար թե ռազմական այնպիսի առավելություն ձեռք բերի, որ հնարավոր լինի հաղթահարել հայերի պաշտպանությունը»:

Միաժամանակ, համաձայն զեկույցի, «երկու կողմերի զինվորականներն էլ ստեղծում եւ ընդլայնում են իրենց կարողությունները, ինչը սրում է իրավիճակը»: Որպես օրինակ` նշվում է, որ անցյալ տարի Ադրբեջանի կողմից առանց օդաչուի թռչող սարքերի օգտագործումը կարող էր հանգեցնել հակառակորդի ռազմական ու քաղաքական ճնշումների:

«Կողմերը մեծացնում են իրենց կարողությունները նաեւ որպես իրար զսպելու ձեւ: Երկու կողմերում կան տակտիկական բալիստիկ հրթիռներ եւ մեծ հեռահարությամբ հրթիռային համակարգեր, որոնք կարող են բազմագլխիկ պայթուցիկ նյութերը հասցնել իրար մայրաքաղաքներ ու այլ խոշոր բնակավայրեր», - ասված է զեկույցում:

Jane’s-ի վերլուծաբանները նշում են, որ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում հանրային մեծ ընդդիմություն կա տարածքային որեւէ զիջումների դեմ` նույնիսկ Լեռնային Ղարաբաղի նոր կարգավիճակի ճանաչման դիմաց:

«Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները, հավատարիմ մնալով հրադադարի պահպանմանը, փորձում են նվազեցնել ռիսկերը` առանց հրապարակայնացնելու փոխզիջումները», - ասված է Jane’s-ի զեկույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG