Մատչելիության հղումներ

Մայիսի 28-ի մամուլ


«Գոլոս Արմենիի»-ի խմբագրականը անդրադարձել է Հանրապետության օրվա խորհրդին: Ներկայացնելով Հայաստանի Առաջին հանրապետության ձեռքբերումները՝ թերթը գրում է. - «Իհարկե, մենք ի վիճակի չենք գնահատել անգամ մեկ առանձին վերցրած բնագավառում իրականացված ռեֆորմները: Իրականում, մենք նման նպատակ անգամ չենք դնում մեր առաջ: Խնդիրն ուրիշ է. խիստ կարեւոր է, որ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները իրենց համար բացահայտեն Առաջին հանրապետությունը: Պակաս կարեւոր չէ, որ դա անեն հայրենական քաղաքական գործիչները եւ օլիգարխները: Չէ՞ որ հանրային գիտակցության մեջ դեռեւս գերակշռում է պաշտոնական խորհրդային պատմագրությամբ կեղծված եւ ՀՀՇ-ի թեզիսներով հարստացված Առաջին հանրապետության գռեհկացված ընկալումը»:

Նույն խնդրին այլ կերպ է նայում «Առավոտ»-ի խմբագիրը. - «Առաջին հանրապետության ղեկավարները ոչ հիմար էին, ոչ էլ, առավել եւս, դավաճան: Նրանք մեծ մասամբ կրթված ու բազմակողմանիորեն զարգացած մարդիկ էին, իսկական հայրենասերներ: Իսկ աղետալի սխալները, որոնք նրանք իսկապես թույլ են տվել, պայմանավորված են նրանով, որ իրենց քաղաքականության մեկնակետն էր սխալ. ոչ թե ուժեղ, կայուն, մրցունակ պետություն ստեղծելը, այլ Հայ Դատի խնդիրների լուծումը, այն էլ՝ մաքսիմալիստական տարբերակով, ռոմանտիկ տեսլականներով: Բավական է ասել, որ նրանք «հաջողացրել են» պատերազմի մեջ մտնել նույնիսկ Վրաստանի հետ: Սակայն այս ամենով հանդերձ՝ Առաջին հանրապետությունը մեր պատմական նվաճումներից մեկն է՝ որպես անկախ պետականության վերականգնման փորձ: Եվ որպես այդ հանրապետության լավագույն ավանդույթների վկայություն՝ մենք պահպանել ենք նրա դրոշը, զինանշանը, օրհներգը: Դա ճիշտ քայլ էր Երրորդ հանրապետության հիմնադիրների կողմից»:

«168 ժամ»-ի հետ զրուցել է Երեւանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Հարություն Քուշկյանը: Նա ասում է. - «Կոալիցիոն ուժերի միջեւ ոչ թե հակամարտության կա, այլ մրցակցություն, ինչը միանգամայն բնական եւ նորմալ է: Իհարկե, ցավալի է, որ չհաջողվեց խուսափել որոշ տհաճ միջադեպերից, սակայն լուրջ չէ փորձել դրանք ներկայացնել որպես երկու կուսակցությունների միջեւ առճակատում: Մեր ընտրական մշակույթը, ցավոք, դեռ այնպիսին է, որ ներքին օղակներում երբեմն հնարավոր չի լինում խուսափել տհաճ միջադեպերից»: Լրագրողը հարցնում է. - «Քարոզարշավի ընթացքում՝ դիմելով ժողովրդին, ասում եք՝ ձայն տվեք Գագիկ Ծառուկյանին: Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանին, երբ Դուք եք թեկնածուն, Թե՞ գտնում եք, որ այն ձայները, որ պիտի ստանաք, իսկապես ոչ թե ձերն են, այլ Գագիկ Ծառուկյանինը»: Քուշկյանը պատասխանում է. - «Ճիշտ եք նկատել, ես իմ խոսքի վերջում միշտ ասում եմ՝ վստահեք մեզ, վստահեք մեր թիմին, մեր կուսակցությանը, մեր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Որովհետեւ, այո, ես գտնում եմ, որ մեր կուսակցության հեղինակության հիմնական եւ առանցքային գործոնը դա Գագիկ Ծառուկյանի կերպարն է, նրա անցած ուղին եւ այն հեղինակությունը, որ նա այսօր ունի մեր ժողովրդի մեջ»:

«Հայոց Աշխարհ»-ի հետ զրուցել է ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա ասում է. - «Մեր ընդդիմադիր գործընկերներն այս մեկուկես տարվա ընթացքում այնքան ոչ իրատեսական կանխատեսումներ են արել, որ մեկով ավելի, մեկով պակաս՝ դրանից շատ բան չի փոխվում։ Ըստ այդ կանխատեսումների, մինչեւ տարեվերջ Ղարաբաղը հարցը պիտի լուծված լիներ, Ռուսաստանը՝ տարածաշրջանից դուրս մղվեր, Մինսկի խմբի համանախագահների կազմը փոխվեր, դոլարի փոխարժեքը հասներ 800 դրամի եւ այլն։ Կարծեմ այդ կանխատեսումներից ոչ մեկը չի իրականացել։ Իրենք հասկանում են, որ կորցնում են իրենց ընտրողներին, հաղթելու շանս չունեն, դրա համար էլ չեղած բաներ են խոսում»:

«Ժամանակ»-ի մեկնաբանը քննարկում է քաղաքական դատավարությունները. - «Իշխանական համակարգը ավելի ու ավելի է տեսնում եւ մտածում, որ իրականում այն անհասկանալի, անորոշ եւ խառը իրողությունը, որում ինքը այժմ գտնվում է` Ռոբերտ Քոչարյանի «նվերն» է իշխանասեր հասարակայնությանը: Այսինքն` սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը դատավարական խայտառակության գնով փորձում է իրականում խայտառակել Ռոբերտ Քոչարյանին, նրա իշխանության ստվերից ազատվելու համար: Այդօրինակ դատավարությունը Սերժ Սարգսյանին հնարավորություն է տալիս առավելության հասնել Ռոբերտ Քոչարյանի եւ նրա պաշտոնավարման օրոք ձեւավորված դատախազության նկատմամբ: Այդ պարագայում հնարավոր է դառնում նույնիսկ ներկուսակցական ռազբորկաների ժամանակ դատախազի եղբորը ծեծելը, քանի որ դատախազ Աղվան Հովսեփյանն ուղղակի բարոյական իրավունք չունի իշխանությանը, Սերժ Սարգսյանին ինչ-որ դիտողություններ եւ դժգոհություններ ներկայացնելու համար, քանի որ նրա ղեկավարած դատախազությունն ուղղակի տապալվում է «7-ի գործում»: Այսինքն` «7-ի գործը» Սերժ Սարգսյանի համար դատախազության բերանը փակելու հիանալի հնարավորություն է, ինչն էլ երեւի թե տեղի է ունենում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG