Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Ինչ-որ պահի պետք է սկսել նոր էջից»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել մայիսի 28-ին նշվող Հանրապետության օրվա կապակցությամբ:

«Ես մեծ ցանկություն ունեմ, որ այս տոնական օրը մենք ո'չ միայն երախտագիտությամբ գլուխ խոնարհենք Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսների հիշատակի առաջ, ո'չ միայն հպարտանանք առաջին հանրապետությունը կերտողների սխրանքներով, այլեւ մտածենք, թե մենք ինքներս վաղն ինչ արժանի գործերով ենք ներկայանալու հաջորդ սերունդների դատին», - ասված է, մասնավորապես, նախագահի ուղերձում:

«1918-1920 թվականները մեր ազգի վերածննդի, նրա ստեղծագործ ուժերի եւ կարողությունների պոռթկման, ազատ ու անկախ ապրելու իրավունքի իրացման տարիներ էին մեր ժողովրդի համար: Մանուկ հանրապետությունը կործանվեց, բայց իր գոյությամբ եւ իր վախճանով հասցրեց լուրջ պատգամներ հղել հայոց բոլոր ապագա սերունդներին: Հայաստանի Հանրապետության կարճատեւ պատմությունն այսօր էլ մեզ հիշեցնում է, որ պետք է արմատից մերժենք ազգային միասնությունը հյուծող ներքին թշնամությունները, անհանդուրժողականությունը դիտենք իբրեւ չարիք:

Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը շատ եռանդ ու ջանք էր գործադրում, որպեսզի արգելակի հայ հասարակության պառակտումը գաղափարական կամ դասակարգային հողի վրա: Բայց, ցավոք, դա չհաջողվեց: Քենի, ոխակալության եւ անհամերաշխության սերմերը տվեցին իրենց դառը պտուղները:

Լա՞վ ենք , արդյոք, սերտել այս պատգամը: Ես ասում եմ ո'չ, ցավոք, ո'չ: Հենց միայն մարտիմեկյան իրադարձությունները բավարար են պնդելու համար, որ մենք դեռ լուրջ անելիքներ ունենք անցյալից դասեր քաղելու հարցում: Բոլորիս ցավը հանդիսացող այդ դեպքերը վկայեցին, որ մեր օրերում եւս հնարավոր է իրավիճակ, երբ պարտվում են բոլորը, պարտվում է միասնականությունը, բարությունը, երբ հաղթանակում է չարացածությունը, անհանդուժողականությունը, տիրապետում են կրքերը: Ինչ-որ պահի պետք է կանգ առնել: Ինչ-որ պահի պետք է սկսել նոր էջից: Սա են պահանջում անցյալի դասերը, սա է պահանջում մեր երկրի ապագան»:

Հանրապետության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել նաեւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG