Մատչելիության հղումներ

Վրաստանը եւ Ռուսաստանը կբանակցեն Վերին Լարսի անցակետի վերաբացման շուրջ


Վրաստանն ու Ռուսաստանը բանակցելու են Վերին Lարսի անցակետի վերաբացման շուրջ: Այդ մասին երեքշաբթի օրը Վրաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն:

Վաշաձեի խոսքով` ռուսական կողմի այս առաջարկը պաշտոնական Թբիլիսիին են փոխանցել շվեյցարացի դիվանագետները:

«Մենք Կազբեգի Զեմո-Լարսի անցակետի բացման շուրջ բանակցելու ենք միմիայն շվեյցարական կողմի ներկայությամբ», - ասել է Վրաստանի արտգործնախարարը:

Ռուսական կողմը տեղեկացրել է, որ 2006 թվականին անցակետում մեկնարկած վերանորոգման աշխատանքերը ավարտվել են, եւ այժմ պաշտոնական Մոսկվան անցակետը գործարկելուց առաջ պատրաստ է տեխնիկական որոշ խնդիրներ քննարկել վրացական կողմի հետ:

Գրիգոլ Վաշաձեն, սակայն, չի բացառել անգամ, որ սա Ռուսաստանի կողմից սադրանք լինի:

«Չեմ կարծում, որ բանակցությունների այս առաջարկը ինչ-որ մարդասիրական կամ այլ պատճառներից է բխում: Իմ համոզմամբ` ռուսական կողմը չէր ակնկալում, որ մենք կհամաձայնենք բանակցությունների սեղանի շուրջ նստել իրենց հետ: Մեր ակնկալվող մերժումից հետո ռուսական մամուլում հիստերիա կբարձրանար, թե Վրաստանի իշխանությունները հաշվի չեն նստում ո’չ սեփական քաղաքացիների, ո’չ էլ Հայաստանի շահերի հետ», - ասել է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը` հավելելով. - «Ես տեղեկություն ունեմ, որ ռուս դիվանագետները Հայաստանի իշխանություններին Լարսի անցակետի հնարավոր բացման մասին ավելի վաղ են տեղեկացրել, քան պաշտոնական Թբիլիսիին: Կարծում եմ, Ռուսաստանը հույս ուներ, որ Հայաստանի իշխանությունները կսկսեն ճնշում գործադրել վրացական իշխանությունների վրա»:

«Ամեն դեպքում, մարդկանց ազատ տեղաշարժի ապահովումը բխում է մեր երկրի ազգային շահերից», - հայտարարել է Գրիգոլ Վաշաձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG