Մատչելիության հղումներ

Հերթական վկան հրաժարվեց նախաքննական ցուցմունքներից


Հայաստան - Հակոբ Հակոբյանի գործով վկա Մուշեղ Անտոնյան, 25-ը մայիսի, 2009
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեքշաբթի շարունակվեց 2008 թվականի հետընտրական իրադարձությունների առնչությամբ կալանավորված պատգամավոր Հակոբ Հակոբյանի գործով դատական նիստը: Դատավոր Գագիկ Ավետիսյանը ընթերցեց ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի գրությունը, համաձայն որի երեկ այս բաժնի ոստիկանների աշխատանքը խոչընդոտել են Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, լրագրողները, Հակոբ Հակոբյանի համախոհները:

Երեկ դատական նիստը ընդմիջվել էր վկաների չներկայանալու պատճառով, իսկ հետո, երբ ներկայացել էր վկաներից Մուշեղ Անտոնյանը, նիստը հետաձգվել էր մեղադրող Հովսեփ Սարգսյանի արյան ճնշման բարձրացման պատճառաբանությամբ: Մինչ այդ արդեն վկա Մուշեղ Անտոնյանին ոստիկանության Մալաթիայի բաժնի 5-6 աշխատակիցներ փորձել էին առեւանգել, սակայն Անտոնյանին լրագրողներն ու նրա անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները ուղեկցել էին «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրություն, որտեղ էլ նա գիշերեց։ Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը Մուշեղ Անտոնյանին իր ծառայողական մեքենայով դատարան էր ուղեկցել թերթի խմբագրությունից:

Մեկնաբանելով երեկվա միջադեպի կապակցությամբ Մալաթիայի ոստիկանության բաժնի պետի` դատարանին հղած գրությունը, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Ոստիկանապետը երեւի ինչ-որ գործ կհարուցի եւ կբացատրի մեզ բոլորիս, որովհետեւ ես «խոչընդոտել» մի քիչ դժվար եմ հասկանում: Մարդ էր մոտեցել վկային եւ ասում էր` իմ հետ պիտի գաս: Մարդուն մոտենում են առեւանգելու. չհարցնե՞նք այս ի՞նչ եք անում»:

«Պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը դեռեւս ոստիկանների օրինական որեւէ գործողության չի խոչընդոտել: Իսկ ինչ վերաբերում է երեկվա դեպքերին, այնտեղ ես չեմ տեսել որեւէ համազգեստավոր անձ, որը կփորձեր մոտենալ Մուշեղ Անտոնյանին, եւ չի եղել անձ, որը ներկայացրած լիներ վկայական` ոստիկանական ծառայությունում աշխատելու վերաբերյալ եւ ցույց տար բերման որոշում», - իր հերթին արձագանքեց պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:


Ինչ վերաբերում է Անտոնյանին` այսօրվա դատական նիստում վերջինս հրաժարվեց նախաքննության շրջանում իր տված ցուցմունքներից, որտեղ նա պնդել էր, թե Հակոբ Հակոբյանը 2008 թվականի հետընտրական իրադարձությունների ժամանակ ցուցարարներին հրահրել է ոստիկանության հետ բախումների:

2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ կալանավորված ընդդիմադիր գործիչների դատական նիստերում վերջին շրջանում վկաները հաճախ են հրաժարվում իրենց նախաքննական ցուցմունքներից, հիմնականում պնդելով, որ այդ ցուցմունքները տվել են ոստիկանության ճնշումների ազդեցության տակ:

Մայիսի 20-ին կայացած մեկ այլ դատական նիստում` Ազգային ժողովի պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի դեմ տրված նախընտրական ցուցմունքներից հրաժարվել էր այդ գործով վկա Գագիկ Ավդալյանը` հայտարարելով, թե այդ ցուցմունքները իրենից կորզվել են նախաքննության ընթացքում` ոստիկանների կողմից կիրառված բռնի մեթոդներով:

Մարտի 22-ին դատախազությունը քրեական գործ էր հարուցել 2008 թվականի մարտի 1-2-ի գործով դատակոչված վկաների` ցուցմունքներից հրաժարվելու վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG