Մատչելիության հղումներ

Վրաստանը նշում է Անկախության տոնը


Վրաստանը երեքշաբթի օրը նշում է Անկախության տոնը: Իշխանությունն ու ընդդիմությունը ազգային տոնը կնշեն առանձին-առանձին:

Երկրի պաշտպանության նախարար Դավիթ Սիխարուլիձեն նախօրեին հայտարարել է, որ Անկախության օրվան նվիրված հանդիսավոր տոնակատարությունները կանցնեն առանց ավանդական զորահանդեսի:

Զորահանդեսները կազմակերպվում են Ռուսթավելիի պողոտայում, որտեղ արդեն մեկ ամսից ավելի է` ընդդիմությունը բողոքի ցույցեր ու միջոցառումներ է անցկացնում:

Ավելի վաղ Թբիլիսիի քաղաքապետն էր հայտարարել, թե իշխանությունները կհրաժարվեն ավանդական զորահանդեսից, եթե ընդդիմությունը մինչեւ մայիսի 26-ը չդադարեցնի բողոքի ակցիաները եւ պողոտայից չհեռացնի երկաթյա վանդակները, որոնք, ընդդիմադիրների պնդմամբ, խորհրդանշում են երկրում տիրող բռնատիրական կարգերը:

«Կառավարության հիմնական պարտավորությունը ոչ թե զորահանդեսն է, այլ երկրում խաղաղության ու կայունության պահպանումը», - հայտարարել էր Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան եւ ընդգծել. - «Ընդդիմության որոշ առաջնորդներ երազում են, որ իշխանությունները նրանց նկատամբ ուժ կիրառեն, սակայն այդպիսի բան տեղի չի ունենա. մեր զենքը կլինի խաղաղությունն ու սառնասրտությունը»:

«Զորահանդես անցկացնելը ինքնանպատակ չէ, եւ մենք մտադիր չենք սադրանքների գնալ եւ է’լ ավելի սրել իրավիճակը», - իր հերթին, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն եւ ափսոսանք հայտնել, որ ազգային տոնը ընդդիմությունն ու իշխանությունները բաժանված են նշում:

Ընդդիմադիրները հայտարարում են, թե այսօր Ռուսթավելիի պողոտայում սեփական` «ժողովրդական» շքերթը կանցկացնեն:

«Մենք բազմաթիվ անակնկալներ կմատուցենք իշխանություններին, նախ եւ առաջ` նախագահ Սահակաշվիլիին», - հայտարարել է «Նոր աջերի» առաջնորդ Դավիթ Գամքրելիձեն:

Նախապատրաստվող ակցիաների մասին այլ մանրամասներ ընդդիմադիր գործիչը չի հայտնել, միեւնույն ժամանակ, չի բացառել, որ հենց այսօր կարող է հայտնի դառնալ վրացական ընդդիմության միասնական առաջնորդի անունը: «Չեմ հաստատում եւ չեմ էլ հերքում», - ասել է Գամքրելիձեն:

Դեռեւս անցած շաբաթ հայտնի դարձավ, որ ընդդիմադիրները բանակցում են միասնական առաջնորդ ընտրելու շուրջ: «Մենք փորձում ենք որոշել այն թեկնածուին, որին բոլոր ընդդիմադիր կուսակցությունները կպաշտպանեն առաջիկա նախագահական ընտրություններում», - հայտարարել էր հանրապետականների առաջնորդ Դավիթ Զուրաբիշվիլին:

Մինչ օրս հրապարակավ նախագահական ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել ընդդիմության առաջնորդներից երկուսը` ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան, «Հանուն Վրաստանի» դաշինքի առաջնորդ Իրակլի Ալասանիան եւ խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժում` միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG