Մատչելիության հղումներ

«Կիլիկիա» առագաստանավը կրկին հայտնվել է Երեւանի կենտրոնում


«Կիլիկիա» առագաստանավը Մատենադարանի դիմաց
«Կիլիկիա» առագաստանավը Մատենադարանի դիմաց

Միջնադարյան նավի գծագրով պատրաստված «Կիլիկիա» առագաստանավը, որը, ջրարկվելով 7 տարի առաջ, պտտվեց ողջ Եվրոպայի շուրջն ու վերադարձավ Հայաստան, հանգրվանելով Աղի հանքի տարածքում, երկուշաբթի կրկին հայտնվել է Երեւանի կենտրոնում` Մատենադարանին հարող տարածքում:

Առագաստանավի անձնակազմը նավը դուրս է բերել Երեւանի կենտրոն` հույս ունենալով ուշադրություն հրավիրել «Կիլիկիայի» խնդիրների վրա` նավը չունի պահպանման համար հարմար տարածք:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նավի անձնակազմի անդամներից Աշոտ Խաչատրյանը մեկնաբանեց իրենց կողմից իրականացվող ակցիայի նպատակը. - «Այսօր կանգնած ենք փաստի առաջ, քանի որ Կիլիկիան պատսպարելու տեղ չունենք։ Չկա այն սրտացավությունը, որ պիտի դրսեւորովեր նավի նկատմամբ։ Սեւանի վրա հանգրվանել նավը չի կարող, որովհետեւ ցանկացած նավ ջրի վրա շատ ավելի կարճ կյանք է ունենում: Մենք այսքան տարի փորձում ենք տարածք գտնել թանգարան ստեղծելու համար, որտեղ հնարավոր կլինի պահպանել նավը եւ անձնակազմի ջանքերով դեռեւս 25 տարի առաջ ստեղծված «Այաս» ծովագիտական հետազոտությունների ակումբի հարուստ հավաքածուն»։

Անձնակազմի անդամները թանգարանի համար որոշակի վայր չեն մատնանշում, շեշտելով, որ կուզենային այն արժանի տեղ կառուցվեր եւ հույս հայտնելով, թե քաղաքապետարանը, ի վերջո, թանգարանի ստեղծման եւ նավի պահպանման համար որեւէ տարածք կհատկացնի։

Հարցին, թե մտահոգություն չունե՞ն, որ իրենց այս քայլը կարող է դիտարկվել որպես քաղաքական ակցիա` նախընտրական քարոզարշավի օրերին, Աշոտ Խաչատրյանը պատասխանեց. - «Կուզենայինք, որ ի սկզբանե, «Կիլիկիան» քաղաքականության հետ ոչ մի կերպ չկապվեր: Սա միակ ապաքաղաքական միջոցն է, որ կարող է ողջ ազգին համախմբել իր շուրջը, եւ շատ ցավալի կլիներ, եթե ինչ-որ մեկը այս ակցիայի մեջ դիտավորություն տեսներ։ Աղի հանքից , որտեղ պահպանվում է նավը, մինչեւ Մատենադարանի հարող տարածքը ամենակարճ տարածությունն է եւ շատ ավելի հեշտ է այս մեծ չափերով նավն այստեղ բերել, քան հասցնել Հանրապետության Հրապարակ»։

Երեկոյան «Կիլիկիան» որպես բեմահարթակ կծառայի հայկական էստրադայի աստղերի համար, որոնք անվճար համերգով հանդես կգան` ուշադրություն հրավիրելով նավի խնդիրների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG