Մատչելիության հղումներ

Թուրքիայի արտգործնախարարը քննադատել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին


Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլու
Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն անցած շաբաթավերջին քննադատել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին՝ նշելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի տեսնում:

Թուրքական Today's Zaman պարբերականի փոխանցմամբ, Իսլամական կոնֆերանս կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ հնչեցրած իր ելույթում Դավութօղլուն ասել է, թե չի կարող չհամաձայնել Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հնչեցրած քննադատությանը՝ հայտարարելով, որ վերջին 17 տարիների ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում որեւէ առաջընթաց տեղի չի ունեցել:

«Այս մասին վկայում են պատմական փաստերը: Որեւէ առաջընթացի չի գրանցվել: Ժամանակն է վերակենդանացնել այս գործընթացը: Թուրքիան կշարունակի ջանքերը [այս ուղղությամբ]», - ասել է Դավութօղլուն:

Թուրքիայի արտգործնախարարը նաեւ ասել է, թե Ալիեւը եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը առաջիկայում բազմիցս հանդիպելու առիթներ կունենան եւ հույս է հայտնել, որ դրանց արդյունքում նախագահները կհանգեն այնպիսի մի լուծման, որը կբավարարի հակամարտության բոլոր կողմերին:

Դավութօղլուն լրագրողներին նաեւ տեղեկացրել է, որ իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ պատրաստվում է Դամասկոսից մեկնել Բաքու, որտեղ նախագահ Իլհամ Ալիեւի հետ կքննարկի Ղարաբաղյան հակամարտության հետ կապված հարցերի լայն շրջանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG