Մատչելիության հղումներ

Վրացական ընդդիմության բողոքի ակցիաները նորանոր ձեւեր են ստանում


Վրաստան -- ընդդիմադիրները փակում են Թբիլիսիի փողոցներից մեկը
Վրաստան -- ընդդիմադիրները փակում են Թբիլիսիի փողոցներից մեկը
Վրացական ընդդիմությունը շարունակում է իր բողոքի ակցիաները դրանց տալով նորանոր ձեւեր: Երեկ նրանք ի նշան բողոքի կես ժամով փակեցին երկրի գլխավոր մայրուղին:

Վրացի ընդդիմադիրների ավտոշարասյունը Բորժոմի քաղաքից շարժվեց դեպի Խաշուրի քաղաք եւ կանգ առավ փողոցի կենտրոնում, որը ընդունված է համարել Վրաստանի ավտոմոբիլային գլխավոր մայրուղին: Ընդդիմադիրների մոտ 500 մեքենա մասնակցեց ակցիային, հաղորդում են լրատվական գործակալությունները:

Խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Գիա Ցախարեիշվիլիի խոսքերով.- «Դա զգուշացում էր,զգուշացում իշխանություններին»։

Արդեն երեկոյան ընդդիմության ավտոշարասյունը Գորի քաղաք շարժվեց` բողոքի ակցիան` արդեն հանրահավաքի տեսքով այնտեղ անցկացնելու համար։

«Գորիում մենք տեղի բնակչությանը մեկ կոչ ունենք», - իրենց ծրագրերը լրագրողներին փոխանցել էր ընդդիմադիր պատգամավորը, - «որ մայիսի 26-ին Թբիլիսի գան»։

Ընդդիմության հավաստմամբ` այսօր արդեն, ավտոշարասյունը Մցխետա քաղաքի մոտ կանգ կառնի, կսպասի այն համակիրներին, որոնք, ամսի 26-ի հանրահավաքում իրենց շարքերը համալրելու համար Վրաստանի արեւելյան շրջաններից մայրաքաղաք են գալիս։

Մայիսի 26-ին Վրաստանում անկախության տոնն է նշվում։ Այդ օրը ընդդիմության հայտարարությունների համաձայն, նախատեսում անցկացնել իր մասշտաբներով աննախադեպ միջոցառում։ Ընդդիմադիր լիդերները, սակայն, մանրամասներ չեն բացահայտում։

Վրաստանի նախագահի նախկին թեկնածու, այժմ ընդդիմության առաջնորդներից Lեւան Գաչեչիլաձեն հայտարարել է. - «Մենք ամսի 26-ին չենք ներխուժելու շինություններ, բայց այդ օրը իշխանության համար Թբիլիսիում շատ անդուր դեպքեր են տեղի ունենալու»:

3 օր առաջ ընդդիմադիրները փակել էին Քուռ գետի աջ եւ ձախ մասերում տեղակայված կենտրոնական մայրուղիները։

Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, Վրաստանի ընդդիմության առաջնորդներից նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, թե իր տեղեկություններով` Վրաստանի իշխանությունը հարմար է գտել անկախության օրը զինվորական շքերթը ոչ թե մայրաքաղաքի կենտրոնում, այլ` Թբիլիսիից ոչ հեռու գտնվող` Վազիանիի ռազմական բազայում անցկացնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG