Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի նախագահը պարզաբանում է համաներման մասին իր հայտարարությունները


Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, փաստորեն, հրաժարվել է ավելի վաղ իր կողմից հնչեցված հայտարարություններից այն մասին, թե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին համաներում կհայտարարի «Մարտի 1»-ի գործով կալանավորվածների նկատմամբ:

Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նաիրի Պետրոսյանը, ի պատասխան «Արմենպրես» գործակալության հարցմանը, ուրբաթ օրը հայտարարել է. - «Լրագրողների հետ զրուցելիս Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը չի բացառել համաներման հնարավորությունը` հայտնելով իր բարի ցանկությունը»:

Հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով կալանավորված պատգամավորների մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին ասել էր. - «Անկախության ազգային տոնի առթիվ` մայիսի 28-ին, հանրապետության նախագահը հայտարարությամբ հանդես կգա համաներման մասին»:

Ավելի վաղ` երկուշաբթի օրը խորհրդարանի նիստում Հովիկ Աբրահամյանը համոզմունք էր հայտնել, որ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ կալանավորված Ազգային ժողովի երեք պատգամավորների հետ կապված գործընթացները «ունենալու են դրական արդյունք»:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքին` այս առումով լրացուցիչ պարզաբանումներ տալ, Ազգային ժողովի նախագահը արձագանքել էր, թե չի կարող բացել փակագծերը, հավելելով` «բայց դուք իմ խոսքին հավատացեք եւ վստահեք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG