Մատչելիության հղումներ

«Կենգուրու - 2009» միջազգային մաթեմատիկական մրցույթում Հայաստանը ունեցավ մեկ հաղթող


«Այբ» կրթական հիմնադրամի ու կրթության եւ գիտության նախարարության միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն, Հայաստանի բոլոր մարզերի հետաքրքրված դպրոցներում անցկացվեց «Կենգուրու - 2009» միջազգային մաթեմատիկական մրցույթը: Տրամաբանական եւ հետաքրքրաշարժ խնդիրների լուծման այս մրցույթին մարտի 19-ին մասնակցել է 570 դպրոցի ավելի քան 30 հազար աշակերտ:

Որոշ դպրոցներում ուսուցիչները թույլատրել են մրցույթին մասնակցել բացառապես գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտներին: Սակայն կազմակերպիչների խոսքով` մրցույթին կարող են մասնակցել բոլոր աշակերտները, քանի որ մրցույթի խնդիրներն առարկայական չեն, այլ տրամաբանական:

Կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանի համոզմամբ` աշակերտների ընտրության հարցում ուսուցիչների թերացման պատճառը տեղեկացված չլինելն է:

15 տարի շարունակ աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվող` տրամաբանական եւ հետաքրքրաշարժ խնդիրների լուծման ամենամյա միջազգային այս մրցույթին Հայաստանը մասնակցում է նախորդ տարվանից: 2008 թվականին իրականացնելով փորձնական ծրագիր` Հայաստանն այս տարի արդեն 570 դպրոցից ընտրված 30 հազար 567 աշակերտով պաշտոնապես մասնակցեց մրցույթին, ունենալով ընդամենը մեկ հաղթող:

Մրցույթի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն անցկացվում է մեկ փուլով:

«Այբ» կրթական հիմնադրամը որոշել է եւս երկու աշակերտի հնարավորություն ընձեռել այս տարվա հաղթողի հետ մասնակցելու Ռումինիայում կազմակերպվող ամառային միջազգային ճամբարին:

Ընդհանուր հաշվով 478 դպրոցում լավագույն արդյունք ցուցաբերած երեխաները եւս կարժանանան խրախուսանքի: Մայիսի 25-ից հունիսի 1-ը Հայաստանի բոլոր մարզերում, իսկ հունիսի 2-3-ը` Երեւանում, կանցկացվեն մրցանակների հանձնման միջոցառումներ:
XS
SM
MD
LG