Մատչելիության հղումներ

Շառլ Ազնավուրը 85 տարեկան է


Երգիչ, երգահան, դերասան, բարեգործ, հասարակական ակտիվիստ, իսկ այս տարվանից` նաեւ Շվեյցարիայում եւ ՄԱԿ-ի ժնեւյան գրասենյակում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը մայիսի 22-ին նշում է ծննդյան 85-ամյակը:

Աշխարհահռչակ արվեստագետի մասին խոսելիս առնվազն երկու դեպքում ասում են «ամենա». ֆրանսիացիների եւ ընդհանրապես ֆրանսիական երգարվեստի սիրահարների համոզմամբ` նա, անշուշտ, շանսոնի ամենալավ կատարողն է, Հայաստանում եւ աշխարհում շատերի կարծիքով` նա ամենահայտնի հայն է:

Ազնավուրը Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս է, վերջերս էլ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը նրան հանձնել է Արցախի ամենապատվավոր մրցանակը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը:

Արվեստագետը հազարից ավելի երգերի հեղինակ է, նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմում, 11 տարի առաջ CNN-ի եւ Time Online-ի կողմից հռչակվել է «Դարի կատարող»` առաջ անցնելով նույնիսկ Էլվիս Փրեսլիից ու Բոբ Դիլանից:

Ազնավուրը անցած կիրակի օրը Լեռնային Ղարաբաղում էր, ապա` Հայաստանում, եւ մասնակցում էր մայիսի 17-ին Ստեփանակերտից մեկնարկած «Քեզ համար՝ Հայաստան» համերգաշարին: Հոբելյանական համերգները ուրբաթ օրը ամփոփվում են Գյումրիում, որի վերականգնման համար Ազնավուրը վիթխարի աշխատանք է կատարել 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո:

Եզրափակիչ համերգին Ազնավուրը ներկա չի լինի. նա արդեն մեկնել է Հայաստանից:

Հոբելյանական համերգաշարին մասնակցում է հայ - ֆրանսիական համատեղ նվագախումբը, որը ղեկավարում են ֆրանսահայեր Տելեմակ Քավեզյանն ու Ֆրեդերիկ Մանուկյանը: Համերգներին մասնակցում են Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը, եւ ֆրանսահայ անվանի երգչուհի Լիզ Սարյանը:

Աշնանը Երեւանում կբացվի Ազնավուրի տուն-թանգարանը:

Հոբելյանի կապակցությամբ Շառլ Ազնավուրին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ուղերձում, որը տրամադրել են նախագահի մամլո գրասենյակից, մասնավորապես, ասված է. - «Սիրելի' Շառլ: Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ։ Ուրախ եմ, որ այս գեղեցիկ հոբելյանը նշեցինք միասին՝ Ձեր նախնիների հայրենիքում։ Սա Հայաստանի ժողովրդի համար Ձեր ներկայությունը վայելելու հրաշալի առիթ էր։ Ձեր երաժշտությունը, երգը եւ ընդհանրապես արվեստագետի, արտիստի Ձեր ողջ կերպարը սիրելի ու հարազատ են դարձել աշխարհի բոլոր անկյուններում։ Մեզ համար պատիվ է, որ Ձեր մեծ հեղինակությունն ի սպաս եք դրել նաեւ մեր երկրի արտաքին քաղաքական շահերին՝ ստանձնելով Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնը։ Հայրենիքին բոլոր հնարավոր միջոցներով եւ ամենատարբեր ասպարեզներում օգտակար լինելու Ձեր մշտական պատրաստակամությունը հենց այն կեցվածքն է, որն իսկապես վայել է մոլորակի ամենահռչակավոր հային»։

Աշխարհահռչակ արվեստագետին շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Ֆրանսիական առաջին հեռուստաալիքը` TF1-ը այսօր կհեռարձակի Ազնավուրի ծննդյան 85-ամյակին նվիրված հաղորդում, որի նկարահանումներին մասնակցած 25 ճանաչված արտիստների թվում է եղել նաեւ Ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Բրունի-Սարկոզին, ով երգել է աշխարհահռչակ շանսոնիեի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG