Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Ղարաբաղի հարցը չպետք է դրվի հայ - թուրքական բանակցությունների սեղանին»


«Ես սկսել եմ մտահոգվել, որ հայ - թուրքական հարաբերությունները ոչ միայն չեն բարելավվի, այլեւ կարող են ավելի վատթարանալ», - հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Զաման»-ի փոխանցմամբ` Օսկանյանը ասել է, որ Հայաստանն ու Թուրքիան իրենց հարաբերությունները նորմալացնելու ջանքերում չեն կարող առաջընթացի հասնել, եթե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Ղարաբաղի հարցը դնի հայ - թուրքական բանակցությունների սեղանին: Նա ընդգծել է, որ դրանք նույնիսկ կարող են վատթարանալ, եթե թուրք պաշտոնյաները սկսեն քաղաքականացնել այնպիսի հարցեր, ինչպես, օրինակ, Թուրքիայում աշխատող հայերի հարցերը:

«Երբ մենք Ղարաբաղի հարցը դուրս թողնենք, կարող ենք բարելավել հայ - թուրքական հարաբերությունները: Եթե մենք Ղարաբաղը ներքաշենք, ապա ես իսկապես չեմ կարծում, թե դա [հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը] տեղի կունենա», - ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավարը` հավելելով. - «Ղարաբաղը առանձին խնդիր է: Ես համոզված եմ, որ եթե նախ Թուրքիան նորմալացնի հարաբերությունները Հայաստանի հետ, այնուհետեւ Ղարաբաղի հարցի լուծումը ավելի հեշտ կլինի»:

Նա ասել է, որ առաջին անգամ երեք ամիս առաջ է լսել, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը Էրդողանը առաջին պլան է քաշում . - «Մինչ այդ, ես իսկապես հույս ունեի, որ Թուրքիայի քաղաքականությունում փոփոխություն է կատարվում, եւ մենք կարող ենք արդյունք ունենալ»:

Էրդողանը վերջերս հայտարարել էր, թե հայ - թուրքական սահմանը չի բացվի, հարաբերությունները չեն նորմալացվի, մինչեւ Հայաստանը դուրս չբերի զորքերը Լեռնային Ղարաբաղից: Նա ասել էր նաեւ, թե Թուրքիայում աշխատող հայերին առանց վերադառնալու իրավունքի պետք է հետ ուղակել իրենց հայրենիքը:

Թուրք լրագրողների հանդիպմանը Վարդան Օսկանյանը շեշտել է, որ Թուրքիայում աշխատող հայերի մասին Էրդողանի ակնարկը օգտակար չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG