Մատչելիության հղումներ

Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի աջակիցների թիվը Կոնգրեսում հասավ 125-ի


Ամերիկացի եւս 4 կոնգրեսականներ միացել են ու իրենց աջակցությունն են հայտնել Օսմանյան կայսրությունում 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչող բանաձեւի նախագծին: Այդ մասին հայտնում են Ամերիկայի հայկական կազմակերպությունները:

Այդպիսով, ինչպես ասված է Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրությունում, Ներկայացուցիչների պալատում բանաձեւի աջակիցների թիվը հասավ 125-ի:

Հայկական լոբբիստական կազմակերպությունները, հիասթափված Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի որոշումից, որը ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում ձեռնապահ մնաց 1915 թվականի իրադարձությունները որակել որպես ցեղասպանություն, ավելացնում են իրենց ջանքերը, որպեսզի Կոնգրեսը ճանաչի հայերի ցեղասպանությունը:

«Հայոց ցեղասպանության վերահաստատումները դուրս չեն մնալու 111-րդ Կոնգրեսում», - հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Նա ասել է, որ Համագումարը շարունակելու է Կոնգրեսի անդամներին ներկայացնել, թե որքան կարեւոր է այդ բանաձեւը: «Դա արվելու է ամբողջ երկրով մեկ, տեղերում իրենց ներկայացուցիչների հետ համայնքների անմիջական, ուղղակի շփումների միջոցով», - նշել է Արդունին:

Բանաձեւի նախագիծը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում շրջանառության մեջ է դրվել մարտին: «Հայոց ցեղասպանության առնչությամբ Միացյալ Նահանգների փաստերի վերահաստատում» վերնագրված նախագիծը ԱՄՆ-ի նախագահին կոչ է անում ապահովել, որպեսզի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը արտացոլի Հայոց ցեղասպանության պատշաճ ըմբռնում» եւ «ճշգրտորեն բնութագրի մեկեւկես միլիոն հայերի ծրագրված ու կանխամտածված բնաջնջումը որպես ցեղասպանություն»:

Ապրիլի 24-ի ուղերձում Բարաք Օբաման չօգտագործեց «ցեղասպանություն» բառը` հայերեն ասելով «Մեծ Եղեռն»: Նրա հայտարարությունից դժգոհ մնացին թե’ հայկական կազմակերպությունները, թե’ Թուրքիան:

Նախօրեին` ապրիլի 22-ի ուշ երեկոյան Հայաստանն ու Թուրքիան հայտարարել էին երկկողմ հարաբերությունները կարգավորելու շուրջ համաձայնության գալու մասին:

Մարտին, երբ Կոնգրեսում ներկայացվեց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նոր նախագիծը, դրան սատարում էր 77 կոնգրեսական:

Դեռեւս պարզ չէ` արդյո՞ք Կոնգրեսում կքննարկվի ու քվեարկության կդրվի այս բանաձեւը:

Նույնպիսի բովանդակությամբ բանաձեւի նախագիծը, որը հայամետ կոնգրեսականները ներկայացրել էին 2007 թվականին, արժանացավ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հավանությանը, սակայն չդրվեց Պալատի լիագումար նիստի քվեարկությանը` պաշտոնական Անկարայի եւ Բուշի վարչակազմի խիստ հակազդեցության պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG