Մատչելիության հղումներ

Մայիսի 21-ի մամուլ


«Վերջին զանգը՝ որպես հայելի» վերնագրված խմբագրականում «Առավոտ»-ը գրում է. - «Այդ թատերականացված շոուի համար հատուկ վարձվում են սցենարիստներ, ռեժիսորներ եւ օպերատորներ, ձեռք են բերվում շքեղ հագուստներ եւ այլն: Այդ «եւ այլն»-ը կախված է դասղեկների եւ տնօրենների երեւակայությունից: Կրթության բոլոր նախարարները, կրթության վարչության բոլոր պետերը «խստիվ արգելում» են դրամահավաքը, ճոխ միջոցառումները, բանկետները, խնջույքները եւ այլն: Այդ բոլոր արգելքները մի կոպեկի գին չունեն: Հասարակության մեջ տասնամյակների ընթացքում ձեւավորված արժեքային համակարգը (որը հիմված է սպառողական հոգեբանության վրա) նախարարական հրամաններով հնարավոր չէ փոխել: Դուք կասեք՝ ի՞նչ «վերջին զանգ»՝ առջեւում ընտրություններ են: Բայց խոսքս ոչ այնքան «վերջին զանգի» մասին է, որքան հասարակության հոգեբանության, որը հիշյալ ընտրությունները խիստ կանխատեսելի է դարձնում»:

«Հայկական ժամանակ»-ը, անդրադառնալով Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվող 500 միլիոն դոլարի վարկին, գրում է. - «Այս լեգենդար վարկը տրամադրելու համաձայնությունը ձեռք էր բերվել դեռ այս տարվա փետրվարին, բայց Ռուսաստանը դրա տրամադրումը տարբեր պատճառներով հետաձգում էր: Ու չնայած ՀՀ ֆինանսների նախարարությունը պաշտոնապես հայտարարեց, թե այդ վարկի տրամադրման համար որեւէ պահանջ Ռուսաստանը առաջ չի քաշել, սակայն ակնհայտ էր, որ պահանջներ կային դրված: Եվ իրոք՝ անընդհատ ձգձգելուց հետո համաձայնագիրը ստորագրվեց միայն այն բանից հետո, երբ Հայաստանը հրաժարվեց մասնակցել մայիսի 6-ից Վրաստանում ընթացող ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Մնաց, որ Չինաստանն էլ տրամադրի իր խոստացած 1 միլիարդ դոլարը»:

«Հայոց աշխարհ»-ը իր առաջին էջում մեջբերում է Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի խոսքերը. - «Ուզում եմ բացառել մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների կրկնությունը: Հանրահավաքներից մեկում Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ խնդիրները պետք է լուծվեն բացառապես սահմանադրական ճանապարհով եւ ընտրությունների միջոցով՝ բացառելով որեւէ բռնություն: Իմ տպավորությամբ, այս հայտարարությունն ավելի շատ ուղղված էր հենց իր շրջապատի ծայրահեղական տրամադրություններ արտահայտող անձանց: Որպես փորձառու գործիչ` Տեր-Պետրոսյանը, կարծում եմ, փորձում է զսպել իր թիմի այդ հատվածին: Հիմքեր չունեմ չհավատալու Տեր-Պետրոսյանի հայտարարություններին, առավել եւս, որ ցանկացած անօրինականություն կարող է համարժեք պատասխանի արժանանալ օրենքի շրջանակներում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG