Մատչելիության հղումներ

Մյասնիկ Մալխասյանի գործով վկան անհետացել էր դատարանի շենքից


2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ ձերբակալված պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի գործով ցուցմունք տալու համար ներկայացած վկա Գագիկ Ավդալյանը մայիսի 20-ին անսպասելիորեն անհետացել էր դատարանի շենքից:

Մի քանի ժամ Գագիկ Ավդալյանի հեռախոսը չէր պատասխանում: Ի վերջո, երբ նա հասանելի դարձավ, պատմեց իր հետ ինչ է կատարվել։

«Ես ներկայացել էի որպես վկա հարցաքննությանը: Վկաների համար նախատեսված սենյակում նստած էինք: Նշեցին իրենց մոտ, որ Ավդալյանը եկել է: Երեք հոգով էինք: Երկուսին հանեցին դուրս: Ես էլ նստած էի: Մաշտոցի ոստիկանությունը` քրեական հետախուզությունը, թեւերս ոլորեցին, իջեցրեցին դատարանի հետեւի մուտքից: Նստեցրեցին սպիտակ «07» ավտոմեքենա: Տարան Մաշտոցի ոստիկանություն: Հետո տարան Թամամյանի մոտ` քրեական վարչություն», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Ավդալյանը:

«Ես դատված եղբայր ունեմ: Ինձ առաջարկում էին, ասում էր` ուզո՞ւմ ես եղբորդ ազատ արձակենք: Զանգենք` հենց հիմա թողնեն: Դու դատարանում պնդի, որ քեզանից այդ ցուցմունքը ծեծելով չեն վերցրել: Ինձ ժամանակ են տվել, որ ես մտածեմ: Ես էլ հիմա ասում եմ` ես չեմ հրաժարվում: Ես գալու եմ դատարան` ասելու եմ ինչը եղել է», - հայտարարեց վկան:

Գագիկ Ավդալյանը դեռ 2008 թվականի ամռանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե իր նկատմամբ նախաքննության ընթացքում ոստիկանների կողմից կիրառվել են բռնության մեթոդներ` ցուցմունքներ կորզելու նպատակով:

Մյասնիկ Մալխասյանի գործով մեկ այլ վկա` Հմայակ Գալստյանը դատարանի դահլիճում հայտարարեց, որ իրենից կորզվել են քննությանը խորթ մեթոդներով։ Մեղադրողը միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքները, նախաքննական եւ դատարանում հնչեցրած ցուցմունքների անհամապատասխանության հիմքով։

Եվս մեկ վկայի` Գրիգոր Եղիազարյանին, դատարանը հարցաքննեց դռնփակ կարգով, վկայի դիմումի համաձայն։

Գագիկ Ավդալյանի վերաբերյալ Ոստիկանությունը հինգշաբթի օրը հետեւյալ պարզաբանմամբ է հանդես եկել. - « Դատավարությունների ժամանակ Գագիկ Ավդալյանը բազմիցս հայտարարել է, որ նախաքննության ընթացքում իր նկատմամբ բռնություններ են կիրառվել: Փաստերը ստուգելու, հայտարարություններին համապատասխան ընթացք տալու եւ մեղավոր անձանց ի հայտ բերելու նպատակով Ավդալյանը պատշաճ կարգով ծանուցվել եւ հրավիրվել է հատուկ քննչական ծառայություն` հարցաքննության: Նա չի ներկայացել եւ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննիչը վկային բերման ենթարկելու որոշում է կայացրել: Ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցներին չի հաջողվել կատարել այդ որոշման պահանջները, քանի որ Ավդալյանը բացակայել է տնից, իսկ հարազատների հավաստիացումները նրա գտնվելու վայրի մասին իրականությանը չէին համապատասխանում: Մայիսի 20-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները տեղեկանալով, որ Գագիկ Ավդալյանը գտնվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի հարակից տարածքում` հայտնաբերել եւ բերման են ենթարկել ոստիկանություն, սակայն պարզվել է, որ այդ օրը նա վերոնշյալ գործով հրավիրված է դատարան, ուստի դատարանի գործունեությունը չխոչընդոտելու նպատակով դատակոչված վկային բաց են թողել` պարտավորեցնելով հաջորդ օրը, առավոտյան ժամը 9.00-ին ներկայանալ ոստիկանության Մաշտոցի բաժին կամ ՀՔԾ, բայց Ավդալյանն այդպես էլ չի ներկայացել: Նրան հայտնաբերելու ուղղությամբ ներկայումս ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG