Մատչելիության հղումներ

Բեռնար Ֆասիե. «Մինսկի խումբը առաջարկել է հաստատել միջանկյալ իրավիճակ»


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Պրահայում, 7-ը մայիսի, 2009թ.
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Պրահայում, 7-ը մայիսի, 2009թ.
«Մենք դիտարկում ենք, որ [հայ-թուրքական բանակցությունները եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը] դրանք զուգահեռ գծեր են եւ, ըստ էվկլիդյան երկրաչափության օրենքների, զուգահեռ գծերը երբեք չեն հատվում», - Թուրքիայում այսպիսի համեմատություն է արել Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն։

Շարունակելով` նա ասել է, - «Բայց դրանք «փոխազդեցություն» են, այսինքն` կարող են իրար վրա փոխադարձ ազդեցություն ունենալ»։

Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ պատմության հաշտեցումը կարող է դրական ազդեցություն թողնել միջավայրի վրա, բայց ոչ Լեռնային Ղարաբաղի բանակցությունների վրա, հայտարարել է Բեռնար Ֆասիեն Թուրքիայում, երկուշաբթի օրը մամուլի ասուլիս տալով սահմանափակ թվով լրագրողներին։

Բեռնար Ֆասիեն ասել է, որ եթե սխալ կատարվի, ապա գործընթացները միմյանց խառնելը միայն «ավելի մեծ դժվարություն կստեղծի»։

Վկայակոչելով իր աղբյուրները, թուրքական «Հյուրիեթ»-ը գրում է, թե Բեռնար Ֆասիեն Թուրքիայում ունեցած հանդիպումներում հորդորել է չմիացնել այս երկու խնդիրները, հատկապես հիմա, երբ միջազգային հանրությունը ուժեղացրել ճնշումները կողմերի վրա` փոխզիջումային լուծում գտնելու համար։

Թերթը հիշեցնում է. - «Թուրքիան ու Հայաստանը ճանապարհային քարտեզի մասին հայտարարություն արեցին ապրիլի 22-ին, ըստ որի` երկկողմ հարաբերությունները կարգավորվում են առանց նախապայմանների։ Բայց Ադրբեջանի սուր արձագանքի հետեւանքով Թուրքիան հայտարարեց, որ Հայաստանի հետ սահմանը կբացի, երբ հայկական զորքերը դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղից։ Չհաստատված տեղեկություներով` գրավյալ 7 շրջաններից 5-ից զորքերը դուրս են բերվելու: Բայց Բեռնար Ֆասիեն ասել է, որ հայկական զորքերի դուրս բերումը շրջաններից կարճ ժամանակահատվածում չի արվի, քանի որ պետք է լինի ամբողջական կարգավորում»։

«Մենք չենք փորձում Լուսին հասնել, այլ լուծել այն, ինչը հնարավոր է լուծել այսօր», - ասել է Բեռնար Ֆասիեն` հավելելով, թե մինչեւ հիմա Մինսկի խումբը առաջարկել է հաստատել միջանկյալ իրավիճակ, որը առիթ չի տա վերսկսել պատերազմական գործողությունները։ Ապագայում ընդունելի, խելամիտ կերպով լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։

Նրան հարց են տվել, թե արդյո՞ք բանակցություններում քննարկվում է միջազգային ուժեր տեղակայելու խնդիրը: Ֆասիեն պատասխանել է, որ դա այսօրվա խնդիր չէ, բայց կարող է քննարկվել, երբ դիտարկեն իրենց բնակավայրերը վերադարձող մարդկանց անվտանգությունը ապահովելու հարցերը։

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպումը կարեւոր է տեսնելու համար, թե որքանով են նրանք պատրաստ միջանկյալ իրավիճակի շուրջ համաձայնության հանգելու համար։

«Մենք ճանապարհային քարտեզ ունեք։ Այն կա 2007 թվականից։ Ես լավատես եմ», - ասել է Բեռնար Ֆասիեն: – «Ես հույս ունեմ։ Թունելը երկար է, բայց թունելի վերջում լույս կա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG