Մատչելիության հղումներ

Ռուսաստանը եւ Հայաստանը ստորագրեցին 500 միլիոն դոլար վարկի համաձայնագիրը


Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրին
Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրին

Ռուսաստանի եւ Հայաստանի ֆինանսների նախարարներ Ալեքսեյ Կուդրինը եւ Տիգրան Դավթյանը չորեքշաբթի օրը Մոսկվայում ստորագրել են 500 միլիոն դոլար վարկի համաձայնագիրը:

Վարկը տրամադրվում է 15 տարի ժամկետով` ԼԻԲՕՐ + տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով, ինչը ներկայումս կազմում է շուրջ 4 տոկոս:

Նախարարները հանդիպել են Եվրասիական տնտեսական համագործակցության կազմակերպության` ԵՎՐԱԶԷՍ-ի հերթական հավաքի շրջանակներում: Հայաստանը այս կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունի եւ մասնակցում է հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծմանը։

Կուդրինի խոսքերով, հիմնական պարտքի մարումը կսկսվի միայն 5 տարուց:

Դավթյանը ասել է, որ «վարկի պայմանները համարժեք են Հայաստանի տնտեսությունում առկա պայմաններին»: «Այս պայմանավորվածությունը հաստատում է երկկողմ ռազմավարական գործընկերության բարձր մակարդակը», - հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարարը:

Հայաստանի ֆինանսների նախարարի փոխանցմամբ, վարկով ստացվող միջոցները ուղղվելու են Հայաստանի տնտեսության խթանմանը, ենթակառուցվածքային նախագծերին, փոքր եւ միջին ձեռներեցությանը աջակցելուն:

Տիգրան Դավթյանի կարծիքով, վարկի պայմանները «ընդունելի են» Հայաստանի համար։

«Այս պայմանավորվածությունը խոսում է երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության մասին եւ սա լուրջ աջակցություն է Հայաստանի տնտեսությանը ներկայիս ճգնաժամի պայմաններում», - ասել է Հայաստանի ֆինանսների նախարարը ռուսական լրատվամիջոցներին:

Կայունացման վարկ տրամադրելու խնդրանքով Հայաստանը Ռուսաստանին էր դիմել այս տարվա սկզբին:

Ռուսաստանը զարգացման վարկեր արդեն տրամադրել է Բելառուսին եւ Ղրղըզստանին, համապատասխանաբար` 1,5 միլիարդ եւ 300 միլիոն դոլար:

Ալեքսեյ Կուդրինը չորեքշաբթի օրը հայտնել է, որ վարկերի համար Ռուսաստանին դիմել են եւ շարունակում են դիմել այլ երկրներ, եւ այս տարի Ռուսաստանը հատկացնում է մի քանի նման վարկեր:

Ըստ նրա` խոսքը, մասնավորապես, Չինաստանում, Հնդկաստանում, Բուլղարիայում եւ Բելառուսում ատոմային էլեկտրակայանների շինարարության վարկավորման մասին է:

«Դա մշտական աշխատանք է, ես անվանում եմ միայն այն երկրները, որոնց հետ քննարկումը ակտիվ է ընթանում», - հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG