Մատչելիության հղումներ

Ադրբեջանում առաջարկվում է վերացնել մի խումբ պաշտոնյաների վերընտրվելու արգելքը


Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում են վերացնել մի խումբ պաշտոնյաների` մեկ անգամից ավելի նույն պաշտոնում ընտրվելու արգելքը:

Օրինագիծն ընդունվելու դեպքում, մասնավորապես, վերընտրվելու հնարավորություն կստանան Ադրբեջանի գլխավոր դատախազն ու մարդու իրավունքների պաշտպանը:

Ադրբեջանի ներկայիս օրենսդրությամբ, մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է մեկ անգամ` 7 տարի ժամկետով:

«Մենք չենք բացառում, որ երկրորդ անգամ այս պաշտոններում ընտրվելու հնարավորություն կարող է տրվել այն մարդկանց, ովքեր մեծ հեղինակություն եւ ազդեցություն ունեն հասարակության շրջանում եւ մեծ սկզբունքայնություն են դրսեւորում իրենց աշխատանքում», - ասել է նախաձեռնության հեղինակներից մեկը` խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Ռաբիյաթ Ասլանովան:

Առաջադրված փոփոխությունները քննարկելու համար չորեքշաբթի օրը խորհրդարանի միանգամից մի քանի հանձնաժողովներ համատեղ նիստ կանցկացնեն:

Մինչեւ քննարկումները, սակայն, հանձնաժողովների նախագահները արդեն իսկ հայտարարել են, որ դրական են գնահատում առաջարկները: «Դրանք հնարավորություն կտան արժանիներին վերընտրվել եւ շարունակել իրենց աշխատանքը», - հայտարարել է խորհրդարանի իրավական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալի Հուսեյնովը:

Մինչդեռ ընդդիմությունն ու անկախ փորձագետները քննադատում են այս նախաձեռնությունը` պնդելով, թե այն ամրապնդում է Ադրբեջանում հաստատված բռնատիրական կարգերը:

«Այս նախաձեռնությունը նշանակում է, որ, օրինակ, օմբուդսմենի անկախ ինստիտուտ Ադրբեջանում այլեւս չի լինելու: Ներկայումս գործող օրենքի համաձայն` օմբուդսմեն ընտրելու համար նախագահը երեք թեկնածություն էր առաջադրում խորհրդարանին: Այժմ իշխանությունները մտածում են, որ չարժե իզուր ջանք ու ժամանակ վատնել. բավական է ընտրել մեկ` վերահսկվող եւ ենթարկվող թեկնածուի, եւ վերջ ... հարցը փակված է», - ասել է «Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ Լեյլա Յունուսը:

Մի շարք փորձագետներ էլ այս նախաձեռնությունը համարում են սահմանադրական վերջին փոփոխությունների օրինաչափ շարունակությունը, որոնց համաձայն վերացվեց երկրի նախագահի` երկու անգամից ավելի վերընտրվելու արգելքը: Մարտին կայացած հանրաքվեում ադրբեջանցիների ավելի քան 90 տոկոսը կողմ քվեարկեց փոփոխություններին, որոնք, ըստ էության, Իլհամ Ալիեւին տալիս են մինչեւ կյանքի վերջը նախագահի պաշտոնում վերընտրվելու հնարավորություն:

Քաղաքագետները չեն կասկածում, որ իշխող մեծամասնության առաջարկած վերջին փոփոխությունները եւս կընդունվեն առանց լուրջ խոչընդոտների: Առայժմ, սակայն, հստակ չէ` արդյոք դրանք կվերաբերե՞ն գործող օմբուդսմենին, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է այս տարվա հունիսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG