Մատչելիության հղումներ

Մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ դատական նիստերը շարունակվում են


Մայիսի 19-ին հանրապետության տարբեր դատարաններում շարունակվեցին 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ կալանավորված պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի եւ Սասուն Միքայելյանի դատավարությունները։

Մյասնիկ Մալխասյանի դատավարության ընթացքում հարցաքննված վկան՝ Հենրիկ Արթենյանը, դատարանում հրաժարվեց իր նախաքննական ցուցմունքներից՝ պնդելով, որ դրանք իրենից կորզվել են բռնությունների հետեւանքով:

«Դիմակներով էին։ Գցեցին քացու տակ, կողիս մատերը ջարդեցին։ Ոչ մի բան չեմ հիշում։ Տարել են 6-րդ բաժանմունք։ Քննության ժամանակ ասաց՝ եթե ուզում ես ողջ մնաս, ոնց ասում ենք, այդպես էլ պիտի գրես։ Ես էլ վախից գրել եմ», - պատմեց վկան։

Հնչեցրած հարցերին պատասխանելով վկան ասաց, որ պնդում է իր ՜ դատարանում հնչեցրած ցուցմունքը, որ Մյասնիկ Մալխասյանին այդ օրը չի տեսել, նրանից կոչեր չի լսել։ Վկան նաեւ հայտարարեց, որ իր եւ իր ընտանիքի վրա այս շրջանում ճնշումներ են սկսվել: Այս վկայի հարցաքննությամբ Մյասնիկ Մալխասյանի դատական նիստն ընդմիջվեց մինչ վաղը:
Հակոբ Հակոբյանի գործով դատական նիստի ընթացքում շարունակվեց Գեւորգ Մուրադյանի՝ երկուշաբթի սկսված հարցաքննությունը: Երեկ Գեւորգ Մուրադյանը, այնպես, ինչպես Հենրիկ Արթենյանը՝ Մյասնիկ Մալխասյանի դատավարության ժամանակ, պնդել էր, թե իր նախաքննական ցուցմունքները տվել է իր հանդեպ բռնությունների արդյունքում: Այսօր ամբողջ դատական նիստի ընթացքում շարունակվեց Գեւորգ Մուրադյանի հարցաքննությունը։ Մեղադրողի առաջին իսկ հարցերից հետո պաշտպան Մելանյա Առուստամյանը բողոքեց, որ նույն հարցերը կրկնվում են եւ այդպիսով ճնշում է գործադրվում վկայի վրա։ Դատարանն այդ առարկություններն անպատասխան թողեց։ Ի վերջո, տեղի տվեցին Հակոբ Հակոբյանի նյարդերը եւ նա դատավորին խնդրեց թույլ տալ որոշ ժամանակով լքել դատարանի դահլիճը։ Դատավորն առարկեց:

«Ինչ անեմ, վիրավորե՞մ, որ հանեն դուրս», - դժգոհեց Հակոբյանը։

Ի վերջո, երբ Հակոբ Հակոբյանը իր վրդովմունքը անվայելուչ արտահայտություններով համեմեց, դատարանը սանկցիա կիրառեց՝ Հակոբ Հակոբյանին երկու օրով հեռացնելով դատարանի դահլիճից։ Դատական նիստը շարունակվեց առանց Հակոբ Հակոբյանի։

Գրիգոր Ոսկերչյանի գործով դատական նիստում մեղադրող կողմի միջնորդությամբ հրավիրված երկու վկա է հարցաքննվել դռնփակ կարգով, նրանք երկուսն էլ պնդել են նախաքննական ցուցմունքները, որ տվել են Գրիգոր Ոսկերչյանի դեմ:

Աբովյանի դատարանում շարունակվեց Հրազդանից ընտրված պատգամավոր Սասուն Միքայելյանի դատավարությունը։

Դատավոր Հրայր Սարգսյանը, մեղադրողների միջնորդությամբ, որոշեց ընդհատել վկաների հարցաքննությունը եւ վերսկսել վկաների` դատարան ներկայանալու դեպքում։ Դատավորը կայացրեց վկաներին բերման ենթարկելու հերթական որոշումը, որտեղ նշված էր նաեւ Թաթուլ Կարապետյանի անունը։

Վերջինս, մայիսի 11-ին դիմում էր հղել դատարանին,
Հրապարակվեց մայիսի 11-ին Թաթուլ Կարապետյանը գրած դիմումը, որով նա խնդրում էր իրեն դատարան չկանչել, քանի որ հրազդանցիները իրեն մեղադրում են՝ «գործ տվողի անուն են կպցնում, ուստի չեմ կարող դատարանում ցուցմունք տալ, վախենում եմ»։

Մայիսի 12-ին, թեեւ վկա Թաթուլ Կարապետյանի վերաբերյալ բերման ենթարկելու որոշում էր կայացվել, դատական կարգադրիչները ներս չէին թողել նրան։ Նույն օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վկան հաստատել էր, որ իրեն տարել են ոստիկանություն եւ հայտարարել էր, որ ոստիկանները բերման ենթարկելու ժամանակ վերցրել էին իր անձնագիրը։

Հովիկ Արսենյանը դատարանին հայտնեց, թե կան տեղեկություններ, որ երեկ Թաթուլ Կարապետյանին կրկին տարել են ոստիկանություն. - «Եվ մինչ օրս չի վերադարձել տուն, ոչ էլ բերել են դատարան»։ Դատական նիստը ընդհատվեց, հաջորդ նիստը նշանակված է վաղը։

Մայիսի 18-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը համոզմունք էր հայտնել, որ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ կալանավորված ԱԺ-ի երեք պատգամավորների հետ կապված գործընթացները «ունենալու են դրական արդյունք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG